ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2020թ. հուլիսի 1-ից մինչեւ 2021թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: «Կոմիտեն հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, տարեցտարի նվազեցնում է համալիր հարկային ստուգումների քանակը: Առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը, ինչն էլ իր հերթին ապահովում է իրական ցուցանիշներ»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:Հաստատված ծրագրով նախատեսված է իրականացնել համալիր հարկային ստուգումներ 839 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 7%-ով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 900 հարկ վճարող): Հատկանշական է, որ այս տարի հաստատված ծրագրում ընդգրկված հարկ վճարողների շուրջ 97%-ը կազմում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները (նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 70%): Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2019 թվականի իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշի 50%-ից ավելին: Հետեւաբար՝ ավելի քիչ վարչարարությամբ, եւ հարկ վճարողների ավելի փոքր թվաքանակով՝ համալիր ստուգման կենթարկվի հայտարարագրված իրացման շրջանառության համեմատաբար մեծ ծավալ:2020-ի հուլիսի 1-ից մինչեւ 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող ստուգումների պլան») ենթաբաժնում: Tweet Դիտում՝ 1256