Փաշինյան․Սպասարկման ոլորտում վարակման ամենաշատ դեպքերը բանկերում են եղել

25.05.2020 | 09:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #բանկեր #կորոնավիրուս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ կորոնավիրուսի դեպքերի աճի հիմնական պատճառ են հանդիսացել արդյունաբերական ձեռնարկություններն ու սպասարկման ոլորտը, որոնց բաժին է հասել վարակվածության դեպքերի 75-80%-ը։

«Մայիսի 4-ից սահմանափակումները նվազեցնելիս գիտեինք, որ դա կարող է բերել դեպքերի թվաքանակի ավելացման, բայց արդյո՞ք չէինք մտածում, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որ դա տեղի չունենա։ Իհարկե, մտածում էինք։ Եվ Պարետատունը հստակ անվտանգության կանոններ է սահմանել, այդ թվում՝ արտադրական ձեռնարկությունների համար եւ, եթե այդ կանոնները պահպանվեին, այսպիսի բռնկման դեպքեր տեղի չէին ունենա»,- նշել է վարչապետը։

Նա ասել է, որ տնտեսական առումով այլեւս հնարավոր չէր փակված մնալ եւ կար երկու ընտրություն․ զուտ տնտեսական եւ զուտ առողջապահական։ «Մենք փորձել ենք եւ շարունակելու ենք փորձել գնալ հավասարակշռված մոտեցմամբ, որովհետեւ ոչ տնտեսական առաջնահերթություններն են երկրորդ պլան մղվում, ոչ էլ առողջապահական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով սպասարկման ոլորտում տիրող վիճակին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վարակվածության ամենամեծ թվով դեպքերն եղել են բանկային համակարգում, քանի որ հակաճգնաժամային 9-րդ ծրագրի շրջանակում քաղաքացիներն իրենց օգնությունները ստանալու համար պետք է գնային բանկեր։

«Ցավոք սրտի, բանկերում ոչ բոլոր դեպքերում պատշաճ մակարդակով պահեցին անվտանգության կանոնները եւ հիմա ստացվում է, որ մենք մեր օգնություններով մարդկանց օգնել ենք նաեւ վարակվել»,-նշել է վարչապետը եւ հավելել, որ կուտակումներից խուսափելու համար՝ համակարգի կողմից դիմումը բավարարելուց հետո, sms-ների ուշացումների միջոցով փորձ էր արվում հնարավորինս դանդաղեցնել մարդկանց բանկ գնալը։ «Բայց նույնիսկ այս պարագայում մենք նման բռնկում ունեցանք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ, չնայած կորոնավիրուսի նոր բռնկմանը, այնուամենայնիվ, տարվող քաղաքականության արդյունքում՝ Հայաստանն, ըստ էության, աշխարհում ամենացածր գնաճ ունեցող երկրներից է, իսկ «ազգային արժույթի տատանումների եւ ցնցումների առումով ամենակայուն վիճակներից ենք ունեցել»։
Դիտում՝ 2177
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW