Համաշխարհային բանկի (ՀԲ) գնահատականով՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով աշխարհում մինչեւ 60 մլն մարդ կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ:Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասի (David Malpass) ուղերձում նշվում է, որ «այս հանգամանքն ի չիք է դարձնում աղքատության դեմ մեր վերջին երեք տարիների պայքարը»:«Եվ մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսությունն այս տարի արձանագրելու է մինչև 5%-ի չափով խորը անկում: Ընտանիքները կորցրել են իրենց հարազատներին, միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատատեղը, առողջապահական համակարգերն ամբողջ աշխարհում հսկայական ճնշման են ենթարկվում»,- նշված է ՀԲ նախագահի ուղերձում: Մելպասը հայտարարել է, որ Համաշխարհային բանկի խումբը ներկա պահին ֆինանսավորում է արտակարգ իրավիճակների ծրագրեր 100 երկրում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության 70%-ը:«Այս օգնությունը ՀԲ խմբի պատմության մեջ ամենազանգվածային եւ օպերատիվ հակաճգնաժամային ծրագիրն է: Այն դարձել է կարեւոր հենակետ՝ 15 ամսվա ընթացքում բանկի կողմից $160 մլրդ-ի դրամաշնորհներ եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու պարտավորությունների կատարման ճանապարհին: Դրանք կօգնեն զարգացող երկրներին պայքարել COVID-19-ի բժշկական, սոցիալական եւ տնտեսական հետեւանքների դեմ»,- ընդգծել է ՀԲ նախագահը: Tweet Դիտում՝ 8169