Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը դարձավ 150-րդ երկիրը, որտեղ PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերությունը բացեց իր ներկայացուցչությունը, այսօր Երեւանում հայտնել է ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործադիր գործընկեր Քլիֆորդ Այզեկը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Քլիֆորդ Այզեկն այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից PricewaterhouseCoopers ընկերությանը աուդիտորական ծառայությունների իրականացման արտոնագրի հանձնման պաշտոնական արարողությանը:“PricewaterhouseCoopers-ի Հայաստանում աշխատող գլոբալ գործընկերներն են ՌԱՈ ԵԷՍ-ը, “Գազպրոմը” եւ Nokia-Siemens-ը, ինչը լրացուցիչ խթան է ծառայել Հայաստանում մեր գրասենյակի բացման համար”,- ասել է Քլիֆորդ Այզեկը: Նա ողջունել է Հայաստանի կառավարության` աուդիտի եւ հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին անցնելու մտադրությունը:Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանը հայտարարել է, որ հայաստանյան շուկայում կա աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների մեծ պահանջարկ` նշելով, որ 2007 թվականին Հայաստանում մոտ 700 աուդիտորական համաձայնագրեր են ստորագրվել: “Հայաստանում արդեն ներկա են տվյալ ոլորտի համաշխարհային 4 առաջնորդներից 3-ը, ինչը զգալիորեն մեծացնում է մրցակցությունն երկրի աուդիտորական շուկայում”,- ասել է Դավիթ Ավետիսյանը:Նախարարի տեղակալը նշել է, որ Հաշվապահական հաշվարկի միջազգային կոմիտեի հետ ստորագրված պայմանագրի համաձայն, այս տարվա ընթացքում Հայաստանում պետք է ամբողջությամբ հաստատվեն հաշվապահական հաշվարկի միջազգային չափանիշները: “Այդ նպատակով Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը օրենսդրական եւ կառուցվածքային բարեփոխումներ է ձեռնարկել, հայերեն են թարգմանվում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտները”,- ասել է Դավիթ Ավետիսյանը:Նա հայտնել է, որ ներկայումս Հայաստանում գործում է 31 աուդիտորական ընկերություն եւ 4 մասնավոր աուդիտոր: Tweet Դիտում՝ 8517