ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մասնակցել ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված՝ COVID19-ի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներին եւ մեկնարկել է 10-րդ միջոցառման միանվագ աջակցության գումարների վճարման գործընթացը: Ինչպես հայտնել են բանկում, տվյալ միջոցառման շահառուները միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են, որոնք կստանան 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10%-ի չափով միանվագ աջակցություն, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով: 10-րդ միջոցառման շրջանակներում եւս միանվագ աջակցությունը կարելի է ստանալ անկանխիկ եղանակով՝ գումարը փոխանցելով անմիջապես քարտին, եթե աջակցությանը դիմելու ժամանակ շահառուն նշել է իր քարտի համարը: Այն շահառուները, ովքեր չունեն քարտ կամ չեն նշել իրենց քարտի համարը աջակցության դիմումը լրացնելիս, կարող են գումարները ստանալ կանխիկ եղանակով միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով՝ այցելելով Հայաստանի տարածքում գործող թվով 72 մասնաճյուղերից որեւէ մեկը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):COVID19-ի պայմաններում բանկը խորհուրդ է տալիս իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման եւ հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ շփման նվազեցման նպատակով: COVID19-ի հետեւանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի հասցեներին եւ աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3514