Հայաստանում կհիմնանորոգվի 250 կմ ճանապարհ

29.04.2020 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Սուրեն Պապիկյան #ճանապարհաշինություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է ենթակառուցվածքների եւ բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը:

«Նախորդ տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ ավանդաբար Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվում են: Բայց եթե 2019թ., ի հեճուկս կապիտալ ծախսերի թերակատարման, մենք ունեցանք աննախադեպ տնտեսական ակտիվություն, այս տարի մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ եւ, հետեւաբար, ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է։ Մենք համարում ենք, որ այս տարի կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, նշանակում է աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր երկրում ծանրացող սոցիալական իրադրության ավելի բարդացում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020թ․ պետական բյուջեով հատկացվել է 22 մլրդ 380 մլն դրամ, որից 21 մլրդ դրամն ուղղված է ճանապարհաշինությանը: Նշված միջոցներով նախատեսվում է հանրապետությունում հիմնանորոգել 250 կմ ճանապարհ:

Այլ ծրագրերով նախատեսվում է եւս 80 կմ ճանապարհի վրա իրականացնել մասնակի նորոգում, վերանորոգել 65 կմ երկարությամբ կենսական ճանապարհ, 90 կմ ճանապարհ էլ հիմնանորոգել վարկային ծրագրերով:

Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ շինարարության նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են եւ մայիսի 5-ից բուն շինարարությունը կմեկնարկի:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն էլ զեկուցել է աղետի գոտում՝ Սպիտակում, Վանաձորում եւ Գյումրիում բնակարանաշինության ծրագրի ընթացքի մասին, անդրադարձել բնակարանների կառուցման նախագծային աշխատանքներին:
Դիտում՝ 2266
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW