Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ցավակցել է գիտնական եւ գործարար Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ։«Խորը կսկիծով տեղեկացա Մեծ բարերարի, գործարարի եւ պարզապես մեծ հայորդու՝ Ասո Թավիթյանի անժամանակ մահվան մասին: Ասո Թավիթյանի հետ ինձ կապում են երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները: Նա իրապես հայրենասեր, ազգասեր մտավորականի վառ օրինակ էր, մարդ՝ ով իր ողջ գիտակից կյանքի ընթացքում հավատարիմ մնաց իր ազգային ինքնությանը եւ իր ողջ ներուժը ծառայեցրեց հայրենիքի շենացմանը, սփյուռքում հայապահպանության ու հայանպաստ նախաձեռնությունների իրականացմանը: Նա չէր ցանկանում, որ իր մասին խոսեն եւ երբեք չէր սպասում գնահատանքի կամ երախտիքի խոսքերի, նա պարզապես անխոնջ ծառայում էր իր ազգին ու հայրենիքին: Անգնահատելի է Թավիթյանի դերը ժամանակակից սերնդի՝ հատկապես հանրային ծառայության մեջ ներգրավված երիտասարդ մասնագետների կրթման գործում: Ավելի քան երկու տասնամյակ իր կողմից ստեղծված հիմնադրամի ֆինանսավորմամբ կենտրոնական բանկի շուրջ 100 աշխատակից հնարավորություն ստացան իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները զարգացնել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցում: Նրա անմիջական աջակցությամբ կենտրոնական բանկի ղեկավար անձնակազմի անդամներ հնարավորություն ստացան ուսումնառել Հարվարդի, Կոլումբիայի, Չիկագոյի համալսարաններում: Դա միայն գիտելիքի աղբյուր չէր մեր աշխատակիցների համար, դա նաեւ նոր մտածելակերպի ու աշխարհայացքի ձեւավորման կարեւորագույն հարթակ էր: Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Թավիթյանի հետ իմ բազմաթիվ հանդիպումները: Նա երբեք առիթը բաց չէր թողնում այցելելու Կենտրոնական բանկ: Մեծ ոգեւորությամբ ընդունեց Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի բացման փաստը եւ բարձր գնահատանքի արժանացրեց մեր կողմից տնտեսագիտության բնագավառում գիտահետազոտական ներուժի զարգացմանը եւ միջազգային առանցքային գիտական եւ ուսումնական կենտրոնների հետ համագործակցության խորացմանը միտված ջանքերը: Իմ վշտակցությունն եմ հայտնում Ասո Թավիթյանի հարազատներին, նրա կրթական նախաձեռնության հարյուրավոր շրջանավարտներին: Նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ հանրային կառավարման ոլորտում իր անգնահատելի ներդրումը՝ համոզված եմ կհավերժացվի նրա սիրելի «Թավիթյան շրջանավարտների» կողմից»,- ասված է Արթուր Ջավադյանի ուղերձում: Tweet Դիտում՝ 2117