Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.531 մլրդ դրամով (7.4 մլն ԱՄՆ դոլար): Ինչպես նշել են բանկում, համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է բանկի բաժնետերերի ապրիլի 2-ի ընդհանուր ժողովի ժամանակ։«Էռնեկյան ընտանիքը մշտապես կարեւորել է Հայաստանում եւ Արցախում ներկայության մեծացումն՝ իր ավանդը ներդնելով թե տնտեսության զարգացման մեջ, թե բարեգործական ծրագրերում: Մեր որոշումը կարեւորագույն քայլ է ավելի ուժեղ եւ աճող բանկ ստեղծելու ճանապարհին: Մյուս կողմից, մենք հավատում ենք, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ է եւ ունի կայուն ֆինանսական ոլորտ՝ շահութաբերության մեծ պոտենցիալով: Կապիտալի համալրմամբ մեր վստահությունն ենք հայտնում բանկին՝ առաջիկա ծրագրերի իրականացման հարցում»,- ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ, Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ Խորխե Ալբերտո Դել Ագիլա Էռնեկյանը:«Կապիտալի հերթական համալրումը պլանավորել էինք դեռեւս նախորդ տարի հաստատված բանկի 2020թ. զարգացման ծրագրերով: Գործընթացն ավարտեցինք ապրիլին։ Վերջին տարիներին Կոնվերս Բանկը ցուցաբերում է գործունեության հիմնական ցուցանիշների առաջանցիկ կայուն աճ՝ ունենալով շահութաբերության կայուն մակարդակ։ Կապիտալի համալրումը հնարավորություն կտա Բանկին պահպանել աճի տեմպերը։ Միջոցները կուղղվեն փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ընդլայնմանը, ինչպես նաեւ Բանկի ռազմավարական խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ հեռահար թվային ծառայությունների ոլորտի զարգացմանը» ,- նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ.-ին։ Բանկը գործունեությունը ծավալում է որպես ունիվերսալ բանկ՝ զարգացման գերակա ուղղություն դիտարկելով մանրածախ բանկային ծառայությունների զարգացումը: Բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները 31.12.2016թ.-31.12.2019թթ. ժամանակահատվածում դրսեւորել են աճի կայուն դինամիկա. ակտիվներն աճել են 71%-ով՝ 2019թ. տարեվերջի դրությամբ կազմելով մոտ 326.6 մլրդ դրամ, վարկային պորտֆելն աճել է 90%-ով՝ կազմելով մոտ 226.7 մլրդ դրամ, պարտավորություններն աճել են 77%-ով՝ կազմելով մոտ 281.6 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթն ավելացել է մոտ 3.5 անգամ՝ կազմելով ավելի քան 5.4 մլրդ դրամ: Բանկի կապիտալի շահութաբերությունը 2019թ․ արդյունքներով կազմել է 12․9%: Tweet Դիտում՝ 8639