Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում նախօրեին քննարկվել են կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները:Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետն, անդրադառնալով ամենօրյա ռեժիմով անցկացվող քննարկումների օրակարգին, նշել է. «Մեր հանդիպման նպատակն է՝ ամփոփել եւ հասկանալ կառավարության կողմից հաստատված 9 միջոցառումների իրականացման ընթացքը եւ մոնիթորինգի միջանկյալ արդյունքները»:Կենտրանական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին եւ 2-րդ միջոցառումների ընթացքին։1-ին միջոցառման շրջանակում ներկայացվել է 229 վարկային հայտ, արդեն կան 7 հաստատված վարկեր՝ 1 մլրդ 63 մլն դրամին համարժեք, 2 կազմակերպությանը վարկն արդեն տրվել է, մյուսներին կտրամադրվի երկուշաբթի: 2-րդ միջոցառման շրջանակում ներկայացված վարկային հայտերի քանակը 1117-ն է, արդեն բավարարվել է 180-ը, որից 150-ը գյուղատնտեսական միկրովարկերն են, 30-ը՝ մնացածը, ծավալը կազմում է մոտ 100 մլն դրամ: ԿԲ նախագահի փոխանցմամբ՝ երկու միջոցառման շրջանակում ներկայացված մնացած հայտերն ուսումնասիրության փուլում են, ընթացիկ փոքր տեխնիկական հարցերին տրվում է արագ արձագանք, կան նաեւ ծրագրի նպատակայնությանը չհամապատասխանող հայտեր, որոնց վերաբերյալ եւս տեղեկատվություն կներկայացվի: Արթուր Ջավադյանը նշել է, որ ծրագրերի դինամիկան լավն է՝ հաշվի առնելով դրանց մեկնարկի կարճ ժամանակահատվածը եւ վարկերի տրամադրման ընթացակարգերը: «Ելնելով ընթացիկ տվյալներից՝ արձանագրում ենք, որ այս 2 ծրագրերը ռեալ սկսել են աշխատել, եւ զուգահեռ շարունակվում է մոնիթորինգը հետագա ընթացքը հասկանալու համար»,- նշել է վարչապետը: Tweet Դիտում՝ 1748