ՏԶՆԿ. Հայաստանում 2020-ին ընթացիկ հաշվի պակասուրդը զգալիորեն կկրճատվի

03.04.2020 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԶՆԿ #կորոնավիրուս #Հայաստան
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) վերլուծություն է ներկայացրել  2020-ին տնտեսության զարգացումներին եւ ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխության վերաբերյալ՝ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:

Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի տվյալների՝ ընթացիկ հաշվի պակասուրդը 2019-ին կազմել է $1,12 մլրդ:

2020-ին կորոնավիրուսի համաճարակի աշխարհով մեկ տարածման հետեւանքով ՀՀ-ում տնտեսական աճի տեմպը, որն ավելի ցածր կլինի 2019-ի ցուցանիշից, հիմնականում պայմանավորված է լինելու կառավարության կողմից ձեռնարկված ներքին պահանջարկի խթանմանն ուղղվող միջոցառումներով` վերջնական սպառմանը եւ շինմոնտաժային աշխատանքների վրա ուղղվող ծախսերի ավելացման ճանապարհով:

Արտահանման ծավալների (ապրանքների եւ ծառայությունների) աճի տեմպը զգալիորեն կնվազի եւ կզիջի 2018-ի ցուցանիշին: Ներմուծման ծավալները եւս զգալիորեն անկում կգրանցեն, որի հետեւանքով կարձանագրվի ընթացիկ հաշվի պակասուրդի զգալի բարելավում` պայմանավորված հետեւյալով.

1. Ապրանքների արտահանում եւ ներմուծում: ՌԴ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, դեպի ՌԴ, ինչպես նաեւ պղնձի հանքաքարի խտանյութի, հիմնային մետաղների եւ դրանցից իրերի արտահանման ծավալները կկրճատվեն: Կավելանա հիմնականում ԵԱՏՄ եւ հատկապես ՌԴ-ից ներմուծման ծավալները` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների: Հատկապես արտահանման ծավալների կրճատմամբ միջանկյալ սպառման համար նախատեսված ապրանքների ներմուծման ծավալների անկում կգրանցվի:   

2. Ծառայությունների արտահանում եւ ներմուծում: Ծառայությունների արտահանման կտրվածքով կգրանցվի անկում ճամփորդությունների, տրանսպորտի, շինարարական, համակարգչային եւ տեղեկատվական ծառայությունների գծով: Ներմուծման դեպքում հիմնականում ամենամեծ անկումը կգրանցվի ճամփորդությունների կտրվածքով`արտագնա զբոսաշրջությամբ պայմանավորված:

3. Սկզբնական եկամուտների հաշվի դրական սալդո: Վերջինս էականորեն կկրճատվի` հիմնականում պայմանավորված արտագնա աշխատողների վարձատրության գծով ստացվող դրամական փոխանցումների կրճատմամբ, եթե ոչ ռեզիդենտներին վճարվելիք ներդրումային գործունեությունից ստացվող եկամուտների ծավալները գրեթե նույն մակարդակի վրա մնան, իսկ վերջիններիս ծավալների կրճատման դեպքում սկզբնական եկամուտների հաշվի դրական սալդոյի վատթարացումը կլինի ոչ կտրուկ:

4. Երկրորդային եկամուտների դրական սալդո: Վերջինիս դրական սալդոն կկրճատվի պայմանավորված ոչ ռեզիդենտ տնային տնտեսությունների կողմից ՀՀ տնային տնտեսություններին ուղարկվող դրամական փոխանցումների ծավալների կրճատմամբ, սակայն սալդոյի մեծությունը կախված է լինելու այն հանգամանքից, թե պետական կառավարման գծով ստացվող տրանսֆերտների ծավալներն ինչպես կփոխվեն (կորոնավիրուսով պայմանավորված վերջինիս ծավալները կարող են ավելանալ):

Այսպիսով` դիտարկվող ժամանակահատվածում ընթացիկ հաշվի պակասուրդը որոշակիորեն բարելավվել է, սակայն վերջինս բավականին մեծ է` 2019-ին կազմելով շուրջ $1,12 մլրդ:
ՀՀ-ում եւ այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված 2020-ին ընթացիկ հաշվի պակասուրդը զգալիորեն կկրճատվի ու բավականին ցածր մակարդակի վրա կլինի եւ հնարավոր է, որ չգերազանցի $400-500 մլն-ը:
Դիտում՝ 1600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW