ՎՏԲ-Հայաստան Բանկը տարածել է բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի հայտարարությունը, որում մասնավորապես ասված է․«Ինչպես շատ ընկերություններ, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդեն իսկ հատկացրել են ֆինանսական միջոցներ, ՎՏԲ-Հայաստան Բանկը եւս որպես սոցիալական պատասխանատվության դրսեւորում եւ կորոնավիրուսի դեմ պայքարի մասնակցություն նպատակահարմար համարեց նվիրաբերել 20 միլիոն ՀՀ դրամ գումար:Բանկի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն ֆինանսական միջոցներ հատկացնելով, այլ նաեւ իր աշխատակիցների եւ հաճախորդների մասին հոգալով: Վերջին ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով բանկն իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Գլխամասային գրասենյակի եւ մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներն ապահովվել են դիմակներով, ձեռնոցներով եւ հակասեպտիկ պարագաներով: Անընդմեջ իրականացվում են սանիտարահիգիենիկ միջոցառումներ եւ տարածքներն ախտահանվում են: Աշխատակիցների մեծամասնությունն աշխատում է հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացվում են առցանց հարթակներում, Գլխամասային գրասենյակի աշխատակիցների հաղորդակցությունը հարկերի միջեւ սահմանափակ է: Բոլոր այս միջոցառումները նախաձեռնված են ի աջակցություն ՀՀ Առողջապահության նախարարության եւ երկրի բնակչության շրջանում վարակի նվազեցմանը:Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բոլոր բժիշկներին եւ բուժանձնակազմին, ովքեր այս ծանր իրավիճակում աշխատում են 24/7 ռեժիմով եւ պայքարում են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մենք վստահ ենք, որ մեր ֆինանսական աջակցությունը կտա հավելյալ հնարավորություն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի արագ վերջնական արդյունքի հասնելու հարցում»: Tweet Դիտում՝ 3312