«Ամերիա» ընկերությունը ՓՄՁ ոլորտի վերաբերյալ հետազոտություն է հրապարակել

10.03.2020 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիա #Ամերիաբանկ #ՓՄՁ
«Ամերիա» ՓԲԸ-ն իրականացրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները:

Ամերաբանկում նշել են, որ աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա եւ բացառիկ է՝ ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաեւ փորձագիտական գնահատումներով:

Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում՝ Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում եւ Էջմիածնում գործունեություն իրականացնող 729 ՓՄՁ-ներ, որոնց 93,8%-ը գերփոքր է, 5,1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը՝ միջին (դասակարգումը կատարված է համաձայն Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):

«Ընդհանուր առմամբ, 2018-ի համեմատ, 2019-ին փոքր եւ միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի եւ սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրվել: Ըստ ոլորտների՝ էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների մոտ, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով: Նույն ժամանակահատվածում առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ները արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում:

Հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարեւորագույն խնդիրը՝ առանձնակի ուշադրություն է դարձվել ՓՄՁ համագործակցությանը բանկերի հետ: Դիտարկված ՓՄՁ-ների 86%-ը նշել է, որ վերջին 3 տարում համագործակցել է բանկերի հետ, այսինքն՝ օգտվել է որեւէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա: ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը եւ փոխանցումները, իսկ բանկ ընտրելիս` ամենակարեւոր գործոնը սպասարկման արագությունն է, որակը, սակագները, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը եւ այլն:

«Ամերիա» ՓԲԸ-ի կողմից կատարված նմանատիպ վերջին հետազոտության համեմատ (2012թ.) ՓՄՁ-ները կատարում են ավելի շատ կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները (working capital), վերանորոգում եւ այլն, եւ համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները, օրինակ` ոչ նյութական ակտիվները, կամ շենք-շինությունները:

Կարեւորելով ֆինանսական ոլորտում նորարար եւ թվային տեխնոլոգիաների կիրառումը, «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաեւ հեռահար ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը` հեռահար բանկինգը, ընդ որում, որքան մեծ է ՓՄՁ-ն, այնքան ավելի է կարեւորվում հեռահար բանկինգի առկայությունը»,- ասված է հաղորդագրությունում:

«Ամերիա» ՓԲԸ-ի կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ. առաջինն իրականացվել է 2013-ին: Աշխատանքները հիմնված են ինչպես երկրորդային (առկա հրապարակումներ եւ տեղեկատվություն), այնպես էլ առաջնային տվյալների՝ «Ամերիա» ՓԲԸ կողմից նախաձեռնած ՓՄՁ ոլորտի հետազոտության արդյունքների վրա:

Առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ այլ երկրներում նույն ոլորտի զարգացումների հետ համադիրներին:
Դիտում՝ 2016
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW