«Լիդիանը» կոչ է անում վերականգնել ընկերության օրինական իրավունքները

28.02.2020 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա #Ամուլսար
«Լիդիան Ինթերնյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` 2020թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը եւ անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը:  

«Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագրում 2018 թ. ստուգումների արդյունքում ըստ Տեսչական մարմնի «Լիդիան Արմենիան» խախտել էր ՀՀ օրենսդրության 10 պահանջ՝ ներառյալ Ամուլսարի ծրագրի շինարարության փուլում իրականացված (շինարարական նյութերի) ապօրինի հանքարդյունահանումը: «Լիդիանը» վիճարկել էր այդ կետերը եւ պնդել, որ Տեսչական մարմնի ղեկավարը եղել է կողմնակալ այդ որոշումներում, որոնց արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն 2018թ.-ի օգոստոսին քրեական գործ էր հարուցել «Լիդիան Արմենիայի» նկատմամբ՝ հիմնվելով Տեսչական մարմնի բացահայտումների վրա:

Համաձայն Վարչական դատարանի վճռի՝ «Լիդիան Արմենիայի» շինարարական գործունեությունն Ամուլսարի ծրագրի տարածքում չի հանդիսանում ապօրինի հանքարդյունահանում: Ինչպես եւ «Լիդիանը» մշտապես պնդել էր, երբեւէ պատշաճ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու համար:   
 
«Լիդիանի» նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, - «Լիդիանը» ողջունում է Վարչական դատարանի անաչառ որոշումը: Սա եւս մեկ վճիռ է, որով Հայաստանի դատական համակարգը փաստում է «Լիդիանի» գործունեության համապատասխանությունը օրենքին: Նախորդ մի շարք վճիռներով եւս Հայաստանի դատարանները պարզել էին, որ «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը ապօրինաբար խոչընդոտվել է:

«Լիդիանը» լուրջ ֆինանսական կուրուստներ է կրել Ծրագրի դեմ ապօրինի գործողությունների արդյունքում, որոնց չի միջամտել ՀՀ կառավարությունը: Կառավարության գործողություններն ու անգործությունը շարունակում են բացասաբար ազդել «Լիդիանի» բոլոր շահառուների վրա՝ ներառյալ հարյուրավոր աշխատակիցների, կապալառուների եւ մատակարարների, ինչպես նաեւ հազարավոր բաժնետերերի եւ ներդրողների: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանն առաջնորդվել Վարչական դատարանի վճռով եւ վերականգնել «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը»:

Վարչական դատարանը նաեւ անվավեր է ճանաչել Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու մասին թիվ 30/1 որոշումը: Դատարանը գտել է, որ նախքան իր նշանակումը որպես Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ակտիվորեն ներգրավված է եղել Ամուլսարի ծրագրի դեմ գործողություններում, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացնում նրա անաչառության վերաբերյալ, երբ նա մերժել է «Լիդիանի» վարչական բողոքը:  

Այն երկու կետերը, որոնք Վարչական դատարանը թողել է ուժի մեջ, վերաբերում են փաստաթղթավորման բարելավմանը եւ տարեկան վիճակագրական հաշվետվություններին:

Դատական ակտը կարող է մեկ ամսվա ընթացքում բողոքարկվել Վերաքննիչ Վարչական դատարան»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW