Աշտարակում բացվել է «Քամանչայի թանգարան եւ Գաստրոբակ»-ը, որը զբոսաշրջիկներին ու այցելուներին առաջարկում է մշակութային ու գաստրոնոմիկ նոր փորձառություն: Այստեղ հյուրերը հնարավորություն ունեն տեսնել քամանչաների հավաքածու՝ բակի ներսում գտնվող թանգարանում, մասնակցել քամանչայի պատրաստման եւ ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն եւ համեղ սնունդ: ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հույս է հայտնել, որ գաստրոբակերի կոնցեպտը գրավիչ կլինի մարզաբնակ ձեռներեցների համար:Գաստրոբակերի ձեւաչափը մշակվել եւ իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից: Ծրագրի համակարգող Արման Վալեսյանը ներկայացրել է, որ գաստրոբակերը հնարավորություն են ընձեռում մարզաբնակ համայնքներին հյուրընկալել զբոսաշրջիկներին եւ հյուրերին՝ առաջարկելով նրանց ազգային ավանդական ճաշատեսակներ, ըմպելիքներ եւ մշակութային փորձառություն: Ծրագրի շրջանակում կբացվի 35 գաստրոբակ: Գաստրոբակը Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի նախաձեռնությունն է: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: 16 նոր գաստրոբակի բացմանն աջակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը: Tweet Դիտում՝ 3793