Մյունխենում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական միության բյուջեի եւ կառավարման հանձնակատար Յոհաննես Հանը քննարկել են ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացման հարցը, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում: «Այդ ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի ներկայացնեք ձեր երկիրը: Մենք մեծ փորձ ունենք նմանատիպ ներդրումային ֆորումներ կազմակերպելու հարցում եւ, կարծում եմ, որ այս անգամ էլ լավ արձագանք կունենանք: Ինչպես դուք նշեցիք, Հայաստանում բարեփոխումներ եք իրականացնում, եւ սա ինչ-որ առումով երաշխիք կարող է հանդիսանալ պոտենցիալ գործընկերների համար, որ ձեր երկիրը հիանալի գործընկեր կարող է դառնալ»,- ասել է Յոհաննես Հանը:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միությունը դարձել է Հայաստանի բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գլխավոր գործընկերը: «Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել հարուստ օրակարգ՝ դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ուղղությամբ: Մենք հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման փուլում ենք: Այս բարեփոխումների փաթեթը համարում եմ մեր ռեֆորմների առաջին փուլի վերջին մասը, եւ դրանից հետո մենք պետք է շարունակենք ամեն ինչ դարձնել ավելի ու ավելի լավ: Այս ճանապարհին համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ կարեւոր է»,- նշել է վարչապետը:Banks.am-ը նշում է, որ հունվարի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարեւորել էր ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի ռազմավարական նպատակների սահմանումը: «Համաժողովի նպատակը պիտի լինի ոչ այնքան Հայաստանի մասին ներդրողների շրջանում իրազեկվածության բարձրացումը, որքան ավելի կոնկրետ եւ իրական գործարար կապերի ստեղծումը եւ մեր կողմից թիրախավորված ուղղություններով օտարերկրյա ներդրումների ներգրավումը»,- նշել էր Տիգրան Ավինյանը:Նրա խոսքով՝ համաժողովը պիտի դիտարկվի ոչ այնքան պետական ծրագրերը ներկայացնելու հարթակ, որոնք բազմաթիվ են, որքան մասնավոր հատվածի մեծ ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման ներգրավման բացառիկ հնարավորություն: Tweet Դիտում՝ 3452