Այսօր Երեւանում անցկացվել է Միջպետական բանկի կազմակերպած՝ «ԵԱՏՄ երկրների ազգային արժույթները՝ գործնական աշխատանքի փորձը» միջազգային ֆորումը:Ֆորումի բացմանը մասնակիցներին եւ հյուրերին ողջույնի խոսքով դիմել են Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գեորգի Լունտովսկին, Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչեւը:Միջպետական բանկում նշել են, որ ազգային արժույթների թեմային նվիրված այսպիսի մասշտաբային ֆորում, ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության տարբեր սեգմենտների ներկայացուցիչների մասնակցությամբ, առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Վախթանգ Աբրահամյանը Լուսանկարը՝ Միջպետական բանկ «Իրականում ֆորումը դուրս է եկել մեկ պետության սահմաններից: Ֆորումին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կենտրոնական (ազգային) բանկերի, ՀՀ Ֆինանսների նախարարության եւ էկոնոմիկայի նախարարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, առեւտրային բանկերի եւ ներդրումային ընկերությունների, խոշոր արդյունաբերական եւ առեւտրային ընկերությունների ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերողների եւ գործարարների միությունների, արժութային բորսաների ներկայացուցիչները, ինչպես նաեւ երկու երկրների առաջատար գիտաշխատողներ»,- ասված է հաղորդագրությունում:Ինտեգրացիոն գործընթացների խորացման, ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառութան եւ առեւտրի ավելացման պայմաններում ֆորումի թեման արդիական է: ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական եւ գործարար համայնքները հնարավորություն են ունեցել փոխանակել ԵԱՏՄ երկրների ազգային արժույթով գործնական աշխատանքի փորձով, արտահայտել իրենց առաջարկներն այդ ուղղությամբ: Նաիրա Մարգարյանը Լուսանկարը՝ Միջպետական բանկ Իրենց ելույթներում ֆորումի խոսնակները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առեւտրա-տնտեսական հարաբերություններում ազգային արժույթների օգտագործման ընդլայնմանը նպաստող գործոնները, օրինակ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի կազմակերպությունների միջեւ հաշվարկներում դոլարի փոխարեն հայկական դրամի եւ ռուսական ռուբլու օգտագործումը, քննարկել նաեւ բիզնեսի կարիքները, այդ ճանապարհին առկա խոչընդոտները հաղթահարելու ուղիները, գնահատել Միջպետական բանկում արդեն իսկ գործող ազգային արժույթներով վճարումներ կատարելու մեխանիզմը: Առաջարկներ են հնչել ազգային արժույթներով փոխադարձ առեւտուրը ֆինանսավորելու համար հիմնադրամ ստեղծելու մասին: Լուսանկարը՝ Միջպետական բանկ Ֆորումի շրջանակում Մոսկվայի բորսայի եւ Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ կազմակերպվել է «Մոսկվայի բորսայի օրը Երեւանում» (MOEX Day in Yerevan) միջոցառումը՝ ֆինանսական շուկայի մասնագիտացված մասնակիցների համար: Tweet Դիտում՝ 17971