ՎԶԵԲ-ը 2019-ը Հայաստանում «հաջող տարի» է գնահատում

31.01.2020 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Դմիտրի Գվինդաձե
2019-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում 15 ծրագրի միջոցով կատարել է €118 մլն ներդրում։ ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն հունվարի 30-ին ասել է, որ տարին Հայաստանի հետ համագործակցության առումով ամենահաջողներից էր։

Բանկը շարունակել է աջակցել մասնավոր հատվածին ուղղակի վարկավորման եւ Հայաստանում ՎԶԵԲ-ի գործընկեր բանկերին վարկային գծերի տրամադրման միջոցով։

«2019-ին Հայաստանում մեր գործունեության հիմնական ոլորտներից է եղել ֆինանսական հատվածը, որում ներդրվել է €74 մլն՝ փոքր ձեռնարկությունների աջակցության, կանայք բիզնեսում եւ այլ ծրագրերի իրականացման համար։ Կարեւոր է նաեւ փողոցների լուսավորության եւ վերականգնման ծրագիրը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Մենք շարունակում ենք նաեւ մեր համագործակցությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ, որն իրականացնում է բազմամյա ծրագիր՝ ուղղված Հայաստանում բաշխիչ ցանցի արդիականացմանը»,- մանրամասնել է նա։


Դմիտրի Գվինդաձեն հավելել է, որ բացի ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց, ՎԶԵԲ-ը վարում է քաղաքականության երկխոսություն Հայաստանի Կենտրոնական բանկի հետ՝ կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ։

Նա ընդգծել է, որ Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության կարեւոր առաջնահերթություններից մեկն անցումն է դեպի բնապահպանական տեսանկյունից մաքուր եւ պատասխանատու հանքարդյունաբերության, եւ ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն այդ ուղղությամբ ներդրվող ջանքերում։

Համագործակցության գլխավոր ուղղություններից է նաեւ էներգետիկայի ոլորտը, որի շրջանակում ՎԶԵԲ-ը շուտով կստորագրի «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը։ Այն իր տեսակով առաջինն է Կովկասում:


Անդրադառնալով 2020-ի համար նախատեսվող ծրագրերին՝ ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավարը նշել է, որ կփորձեն գերազանցել ներդրումների €100 մլն-ի շեմը եւ իրականացնել 15-ից ավելի ծրագիր։

«Այս պահին ներդրումների ծավալը հստակ նշելը դժվար է, որովհետեւ մենք շարունակում ենք ուսումնասիրել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածը։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020-ի ընթացքում մեր աշխատանքը կենտրոնացած կլինի ֆինանսական հատվածում։ Կընդլայնենք ծրագրերի իրականացումն էներգետիկ ոլորտում՝ աջակցելով կառավարությանը վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների զարգացման հարցում»,- մանրամասնել է նա։

Բանկը նաեւ կշարունակի համագործակցել Եվրամիության հետ՝ փորձելով վարկային միջոցները Հայաստանի համար դարձնել առավել մատչելի։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 2655

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW