Օրինական թվային արժույթները կարող են իրականություն դառնալ

24.01.2020 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թվային արժույթ
Աշխարհի մի քանի առաջատար կենտրոնական բանկեր, ներառյալ՝ Անգլիայի Բանկը եւ Եվրոպական կենտրոնական բանկը, ինչպես նաեւ Միջազգային հաշվարկների բանկը, ստեղծել են աշխատանքային խումբ՝ քննարկելու համար օրինական թվային արժույթների հնարավոր թողարկումը:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների գնահատականով՝ կարգավորիչների մոտ երկու հիմնական այլընտրանք կա. մանրածախ թվային արժույթի թողարկում, կամ նախատեսված միայն բանկերի եւ մի շարք այլ ֆինանսական հաստատությունների համար:
Առաջին սցենարն ավելի դժվար է իրագործման առումով, երկրորդն այդքան էլ շատ նոր հնարավորություններ չի տալիս զարգացած միջբանկային շուկաներով երկրների համար:

Ինչպես հայտնել են Միջազգային հաշվարկների բանկում (Բազել, Շվեյցարիա), աշխատանքայի խմբում ներառված կլինեն Կանադայի Բանկի, Անգլիայի Բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, ինչպես նաեւ Շվեդիա եւ Շվեյցարիայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները: Այս խմբի ստեղծման նպատակն է՝ պոտենցիալ թվային արժույթների տնտեսական եւ տեխնիկական չափանիշների, ինչպես նաեւ ֆինանսական շուկաների համար դրանց հայտնվելու հետեւանքների գնահատումը:

Այս խնդրով են մտահոգված նաեւ Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները, որոնք թվային արժույթների գործարկման ուղեցույց են պատրաստել: Նախկինում թվային արժույթների հնարավոր հայտնվելու մասին իր տարբերակն էր առաջարկել Արժույթի միջազգային հիմնադրամը: Բայց վերջինս նման վճարային միջոցների թողարկումը նկարագրում էր մասնավոր խաղացողների համար (օրինակ, վճարային ծառայություններ)՝ կայունության ապահովման համար առաջարկվում էր պարտադիր պահուստներ ունենալ կենտրոնական բանկերում:

Ինչպես «մանրածախ», այնպես էլ «մեծածախ» տարբերակում կենտրոնական բանկը կարող է թույլատրել ներդրողներին բացել հաշիվներ, ինչն արժույթն անդրսահմանային կդարձնի: Դա հնարավորություն կտա զգալիորեն հեշտացնել փոխանցումները յուրիսդիկցիաների միջեւ, սակայն կհանգեցնի նաեւ կապիտալների արտահոսքի ռիսկի կտրուկ աճին:

Այնուամենայնիվ, Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում հիմնական ռիսկերի շարքում են կիբերանվտանգության ռիսկերը՝ պոտենցիալ հաքերների մոտ կարող են լինել անսահմանափակ ռեսուրսներ. «Չի կարելի բացառել այն սցենարը, որի դեպքում այդ դերում կարող է հայտնվել ուրիշ պետություն»: Բացի այդ, առկա է արժույթի բազմանգամյա օգտագործման ռիսկ: Այն կարող էր հասցվել մինիմումի ապակենտրոնացված ռեեստրի ստեղծման պարագայում (ինչպես բլոկչեյնի դեպքում), սակայն դա կարգավորչի վերահսկման թուլացման ռիսկեր է պարունակում:

«Թվային արժույթների նկատմամբ հետաքրքրությունը բացատրվում է նրանով, որ որոշ կենտրոնական բանկեր վախենում են մասնավոր նախաձեռնությունների մրցակցությունից, մյուսների մոտ անհանգստություն է առաջացնում կանխիկ փողերի օգտագործման նվազեցումը»,- նշում են ING Bank-ի փորձագետները:

Նրանց գնահատականով՝ առանցքային խնդիր է նման արժույթների ներդրումը՝ առանց գործող բանկային համակարգերի փլուզման:
Դիտում՝ 5401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW