Երեւանի մետրոպոլիտենում 1,2 մլրդ դրամի չարաշահում է արձանագրվել

13.12.2019 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊՎԾ #մետրոպոլիտեն
ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

ՊՎԾ հաղորդագրության համաձայն՝ համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում: Ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1,2 մլրդ դրամ:

«2011-2018 թվականների ընթացքում շահագործման ժամկետն անցած 80-ականների արտադրության հնացած վագոնների վերանորոգումների եւ պահեստամասերի ձեռքբերման նպատակով կատարվել է շուրջ 8,5 մլրդ դրամի ծախս կամ մեկ վագոնի վրա միջինը շուրջ 300 մլն դրամի ծախս,  այն դեպքում, երբ շուրջ 600 մլն դրամով հնարավոր էր ձեռք բերել ժամանակակից, էներգախնայող, հաճախակի վերանորոգումներ չպահանջող եվրոպական արտադրության վագոններ»,- հայտնում են ՊՎԾ-ից:

Ստորեւ ներկայացվում են ուսումնասիրության այլ արդյունքներ՝

1. Կապալառու ռուսական ընկերության հետ 2016-ին առաջին անգամ կնքվել է պայմանագիր վագոնների վերանորոգման աշխատանքները կատարելու համար (հաջորդ տարիներին եւս կնքվել են այլ պայմանագրեր): Ընկերությունը չի կատարել պայմանագրային պարտականությունները կամ կատարել է ոչ պատշաճ որակով, սակայն աշխատանքների արդյունքներն ընդունվել են Մետրոպոլիտենի կողմից եւ իրականացվել է վճարում: Վերոնշյալ եւ այլ խախտումների արդյունքում ընկերությունը, 1,2 մլրդ դրամի եկամուտ ստանալով, ապահովել է առնվազն 677 մլն դրամի գերշահույթ: Առկա են ընկերության կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու եւ վերոգրյալի արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 128 մլն դրամի հարկ չվճարելու վերաբերյալ հիմնավոր կասկածներ: Ընկերությունից 2017-2018-ին գնումներն իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որեւէ ընթացակարգի:

2. Մետրոպոլիտենի կողմից վրացական 2 եւ ռուսաստանյան 3 նորաստեղծ ընկերություն իրականացվել է 674 մլն դրամի գնումներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի  խախտմամբ՝ առանց գնման որեւէ ընթացակարգի եւ իրավական հիմքի: Ձեռքբերված ապրանքներից 511 մլն դրամի ապրանքների շուկայական արժեքը կազմում է 274 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 1,7 մլրդ դրամի գնում առանց գնման որեւէ ընթացակարգի:

3. Մետրոպոլիտենի մասնաճյուղի աշխատակիցները միաժամանակ աշխատել են մասնաճյուղի պետի հետ փոխկապակցված անձի հիմնադրած ընկերությունում, որը 43 215 000 դրամի ծառայություններ է մատուցել Մետրոպոլիտենին՝ ստանալով 39 464 2000 դրամ շահույթ: Ընկերությունից գնումներն իրականացվել են առանց մրցակցային ընթացակարգի կամ խախտումներով անցկացված ընթացակարգով:

4. ՓԲԸ-ի մեկ այլ ստորաբաժանման աշխատակիցները միաժամանակ աշխատել են ընկերությունում, որը ՓԲԸ-ին մատուցել է 10 130 000 դրամի ծառայություն՝ ապահովելով 9 001 300 դրամի շահույթ: Ընկերությունից գնումն իրականացվել է խախտումներով անցկացված ընթացակարգով: Խոսքը այնպիսի ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի մասին է, ինչպիսիք են՝ շարժասանդուղքների բազրեփոկի լռմանը հետեւող համակարգի փոխարինում, շարժասանդուղքների անվտանգության խոզանակների համալրման ծառայություն, ժամանակի սինխրոն բաժանումով համակարգչային ծառայությունների մատուցման հետ կապված ծառայություններ:

5. Վերոգրյալ ընկերության կողմից Մետրոպոլիտենին մատակարարված օդաբաշխիչների շարժիչները եղել են հնամաշ եւ օգտագործված, սակայն վերջիններս ընդունվել են ՓԲԸ-ի կողմից, որի արդյունքում ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 3 մլն դրամի գույքային վնաս:

6. Լուսադիոդային թանկարժեք լամպերի ձեռքբերման արդյունքում կատարվել է 31 մլն դրամի անարդյունավետ ծախս՝ ստացված արդյունքին հնարավոր էր հասնել՝ այդքանով պակաս գումար ծախսելով:

7. Երաշխիքային ժամկետում գտնվող 7 711 2000 դրամի խափանված լուսադիոդային լամպերը պետք է մատակարար ընկերության կողմից փոխարինվեին նորերով կամ վերանորոգվեին, սակայն ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները:

Ուսումնասիրության արդյունքում առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվության առկայության պատճառով արդյունքները ներկայացվել են ՀՀ դատախազություն:
Դիտում՝ 2103
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW