Մաքսային ծառայության որոշ պաշտոնյաներ հանցավոր համաձայնության են եկել ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների հետ՝ նրանց ստվերային շրջանառությունը թաքցնելու եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու համար։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում տեղեկացրել են, որ օգտվելով երրորդ երկրից ՀՀ ժամանող քաղաքացիների համար սահմանված ուղեկցող բեռի՝ մինչեւ 25 կգ թույլատրելի չափի հնարավորությունից, հավաքագրվել են ՀՀ քաղաքացիներից բաղկացած տարբեր խմբեր: Թուրքիայից ձեռնարկատիրական նպատակներով պատվիրված եւ ստացված ապրանքների մեծածավալ առեւտրային խմբաքանակները Վրաստանում բեռնավորել են իբրեւ տուրիստական տրանսպորտային միջոցներում եւ կցել նույն քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացու վճարվել է շուրջ 10 000 դրամ։ Այնուհետեւ ապրանքները ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետով տեղափոխվել են Հայաստան, մաքսային կետում հայտարարագրվել որպես այդ քաղաքացիների անձնական ուղեկցող բեռ ու հանձնվել պատվիրատու սուբյեկտներին:Պարզվել է նաեւ, որ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձիք չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները: Մի խումբ պաշտոնատար անձիք, տարբեր չափերով կաշառք ստանալու դիմաց, նախնական համաձայնության են եկել մի շարք քաղաքացիների հետ եւ կատարել ապօրինի գործողություներ, անգործություն ցուցաբերել իրենց վերապահված մաքսային հսկողության գործառույթների նկատմամբ: Քննչական եւ օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է նշված հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձ եւ 2 քաղաքացի: Tweet Դիտում՝ 3121