Սպիտակ եւ Վայք քաղաքների բազմաբնակարան եւ հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ու արեւային էներգիայի կիրառմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել: Եվրոպական միության «Վերականգնվող էներգիայի եւ էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք եւ Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներն ամփոփել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը:ՎԱԷՀՔ-ից հայտնել են, որ էներգաարդյունավետությանն ուղղված շինաշխատանքներ են իրականացվել Սպիտակի 33 եւ Վայքի 12 բազմաբնակարան շենքերում, որոնց արդյունքում տարեկան կապահովվի մոտ 1821 ՄՎտժ էներգախնայողություն: Սպիտակի շենքերից 5-ում կատարվել են ամբողջական ջերմամեկուսացման միջոցառումներ, որոնց արդյունքում կգրանցվի տարեկան ավելի քան 65% էներգախնայողություն:Սպիտակի լրացուցիչ 32 բազմաբնակարան շենքերի մուտքի դռներն էներգախնայող դռներով փոխարինման արդյունքում տարեկան կապահովվի 21,492 ՄՎտժ էներգախնայողություն, որով CO2-ի արտանետումը կնվազի 4,648 տոննայով:Սպիտակի թիվ 2 մանկապարտեզում 210 շիկացման եւ լյումինիսցենտային լամպեր փոխարինվել են էներգախնայող լամպերով, տեղադրվել է 13 նոր էլեկտրական ջրատաքացուցիչ, եւ խոհանոցը կահավորվել է սպասք լվանալու սարքով: Այստեղ տարեկան էներգախնայողությունը կկազմի 2,998 ՄՎտժ, որի արդյունքում CO2-ի արտանետումը կնվազի 1,331 տոննայով:Վայքի Մշակույթի տան գրադարանի երեք սենյակներում կատարվել է արտաքին պատերի, առաստաղի եւ հատակի ջերմամեկուսացում, պատուհանների եւ դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով ու պատուհաններով, ներքին հարդարում, լուսատուների փոխում էներգախնայող լամպերով, էներգախնայող էլեկտրական տաքացուցիչներով կահավորում: Այստեղ տարեկան էներգախնայողությունը կկազմի 45,920 ՄՎտժ, որի արդյունքում CO2-ի արտանետումը կնվազի 20,388 տոննայով:Ծրագրի շրջանակում տեղադրվել է Սպիտակում 1, իսկ Վայքում՝ 4 արեւային ֆոտովոլտայիկ համակարգ: Արդյունքում Սպիտակ եւ Վայք համայնքներում էներգետիկ ծախսերի չափաբաժնի տարեկան մոտ 123,432 ՄՎտժ-ը կապահովվի վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով, իսկ CO2-ի արտանետումը կնվազի տարեկան 559,117 տոննայով:«ՎԱԷՀՔ ծրագիրը լավագույն փորձն է ստեղծել. 45 շենք վերանորոգվել է, Սպիտակի լրացուցիչ շենքերի մուտքի դռների փոխումն ընթացքի մեջ է, տեղադրվել են ֆոտովոլտայիկ համակարգեր՝ ապահովելով էներգիա հանրային շենքերի համար, էներգախնայողությունը յուրաքանչյուր շենքում կկազմի 15-30%: 1160 անձ Սպիտակում եւ 2640-ը Վայքում օգտվել են այս ծրագրից»,- ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի խոսքով էլ՝ առկա ֆինանսական մոդելը եւ քաղաքներում ստեղծված հատուկ հաշիվներում հավաքված խնայողությունները կնպաստեն այս ծրագրի շարունակականությանն ու գրանցված արդյունքների պահպանմանը: Tweet Դիտում՝ 2211