«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր պետական մարմինների, գիտական ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներին է ներկայացրել նոր հարթակ՝ dimum.online: Նույն հարթակն են ուղղորդելու նաեւ www.consumer.am, www.dimum.am, www.request.am հասցեները։«Այն առավել լայնածավալ առցանց հարթակ է սպառողների դիմում-բողոքների հասցեականությունն ապահովելու, քաղաքացիների խնդիրների հանրայնացման, եւ, իհարկե, պետական մարմինների աշխատանքի նկատմամբ արդյունավետ հանրային վերահսկողություն իրականացնելու համար: Քաղաքացիները կարող են այս հարթակում ներբեռնել իրենց դիմումները, իսկ փորձագետները կորոշեն, թե դրանում նշված հարցը պետական որ մարմնի իրավասության ներքո է, կամ որ ՀԿ-ն կարող է առավել մասնագիտացված օգնություն ցուցաբերել»,- ասված է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։Ողջունելով այս նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԵ սննդամերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ ինքն առաջնորդվում է սպառողական ոլորտի բոլոր՝ թե պետական, թե հասարակական, շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցելու, այլ ոչ թե մրցակցելու սկզբունքով: «Մեզ համար ընդունելի է ու քաջալերվում է ցանկացած նախագիծ, որն ուղղված կլինի սննդամթերքի անվտանգության ոլորտում հասցեականության ապահովմանը: Սա այն դեպքն է, երբ պետական, հասարակական ու գիտական սեկտորների համատեղ աշխատանքը բերում է դրական, բոլորի համար օգտակար, շոշափելի արդյունքների», ասել է նա:Գեորգի Ավետիսյանն ու Բաբկեն Պիպոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Հայաստանում սպառողների իրավունքների եւ պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակման եւ դիմում-բողոքներին միասնական սպառողակենտրոն մոտեցում դրսեւորելու ուղղություններով: Նույնպիսի երկկողմ հուշագրեր են կնքվել նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի եւ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Շոււշան Դոյդոյանի, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի ժ/պ․կ․ Լիլիթ Սահակյանի, «Իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանի, «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի եւ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի միջեւ: Tweet Դիտում՝ 3697