Տավուշի մարզի Նավուր համայնքում երկու ծրագիր է բացվել՝ «Մեկ գյուղ» կոնսորցիումը ներառող 11 բարեգործական կազմակերպությունների համագործակցության արդյունքում: Մասնավորապես, համայնքում վերակառուցվել է ֆուտբոլային դաշտը, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Դաշտի վերակառուցման ծրագիրն իրագործել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ «Մեկ գյուղ» կոնսորցիումի շրջանակում, համայնքի գործուն մասնակցությամբ: Նավուրի դպրոցին կից ֆուտբոլի դաշտից բացի, ստեղծվել է բասկետբոլի եւ վոլեյբոլի խաղադաշտ: Կոնսորցիումի եւս մեկ ծրագրի շնորհիվ Նավուրի բնակիչներն այսուհետեւ կունենան մշտական խմելու ջուր: Նախագիծն իրականացվել է համայնքի, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի եւ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ: Նավուրում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը «Մեկ գյուղ» կոնսորցիումի անդամ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ ստացել է շարքացան, սրսկիչ, կարտոֆիլահան եւ այլ գյուղտեխնիկա: Կոոպերատիվը միավորում է 60-ից ավելի ֆերմերի: Կոոպերատիվի ներկայացուցիչների խոսքով՝ տեխնիկան կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, որը կբերի բերքատվության աճին եւ նոր հողատարածքներ մշակելուն: Կոնսորցիումի անդամներն այս տարվա հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում այցելություններ են կատարել Տավուշի մարզի Նորաշեն, Նավուր, Այգեպար եւ Կիրանց համայնքներ՝ տեղում ծանոթանալու գյուղերի կարիքներին, լսելու բնակչությանը եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին:Գնահատման եւ քննարկումների արդյունքում որոշվել է աջակցության առաջնային թիրախ սահմանել Նավուր համայնքը, իսկ երկրորդային աջակցության համար ընտրվել է Կիրանցը՝ որպես առանձնահատուկ կարիքներ ունեցող գյուղ: «Մեկ գյուղ» կոնսորցիումի նախաձեռնությամբ 2017 թ. Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին տրամադրվել է գյուղտեխնիկա, հիմնվել է մանկապարտեզ, ֆինանսավորվել է դպրոցում աշխատող ուսուցչի աշխատավարձը, փոխհատուցվել է գյուղաբնակ ուսանողների ուսման վարձը: Նախաձեռնության անդամներն են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը: Tweet Դիտում՝ 2722