Արարատբանկը գործարկել է ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածը
16.11.2019 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս






Հավելվածի շնորհանդեսին Արարատբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանն ասել է, որ բանկի ռազմավարությունը ներառում է 3 հիմնական ուղղություն՝ դասական, թվային եւ ներդրումային բանկեր։
«Արարատբանկն իր թիմով շուրջ երեք տարի աշխատել է այս հավելվածի վրա։ Կարող եմ ասել, որ այսօր ունենք Հայաստանի բանկային համակարգում գործող լավագույն մոբայլ հավելվածներից մեկը, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով եւ անվտանգության համակարգերով»,- նշել է նա։
Արարատբանկի թվային ծառայությունների դեպարտամենտի պետ Գայանե Ստեփանյանն էլ ներկայացրել է համակարգի առանձնահատկությունները։
«Հավելվածի առավելություններից մեկը, որն այս պահին որեւէ այլ բանկում առկա չէ, այն է, որ մեր հաճախորդներին հնարավորություն ենք տալիս գրանցվելու համակարգում առանց բանկ այցելելու, եթե ունեն 3D անվտանգության համակարգն ակտիվացրած քարտ։ Առավելություն է նաեւ քարտից քարտ փոխանցումը, որի հնարավորությունը մենք տալիս ենք նաեւ մեր բանկի հաճախորդ չհանդիսացող քաղաքացիներին՝ մրցունակ սակագնով եւ նոր տեխնոլոգիական լուծումներով»,- մանրամասնել է նա։
Գայանե Ստեփանյանը հավելել է, որ համակարգի միջոցով կարելի է նաեւ կրճատել բանկի հաճախորդ դառնալու գործընթացը՝ տվյալները նախապես մուտքագրելով հավելվածի համապատասխան հատվածում։
Այն քաղաքացիները, որոնք չունեն հաշիվ Արարատբանկում, կարող են հավելվածի միջոցով իրականացնել նաեւ օնլայն կոմունալ վճարումներ, դիտել օրվա փոխարժեքը կամ փոխարժեքների պատմությունը, օնլայն նախնական հայտեր ներկայացնել բանկի ծառայությունների համար, տեսնել մոտակա բանկոմատների կամ մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվություն։
ԱՐԱՐԱՏՄոբայլը կարելի է անվճար ներբեռնել Google Play եւ/կամ App Store առցանց խանութներից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: