Նոյեմբերի 5-10-ը Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային եւ կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավելի տեսակի գինի եւ 34 տեսակի կոնյակ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ CIIE ցուցահանդեսն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ եւ հնարավորություն է տալիս մասնակից երկրներին եւ ձեռնարկատիրություններին ցուցադրել իրենց արտադրանքը, հայտնի դարձնել իրենց ապրանքանիշերը եւ ստեղծել գործարար կապեր աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում:«Գինեգործությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից է, ուստի Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը ջանք չի խնայում, որպեսզի արտահանման ներուժ ունեցող ընկերությունները հավուր պատշաճի ներկայանան եւ մասնակցեն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում տեղի ունեցող ցուցահանդեսին։ Հայկական գինիներն արդեն արտահանվում են 32 երկիր եւ ես համոզված եմ, որ այս ցուցահանդեսը կբացի հեռանկարներ նոր գործարար կապերի հաստատման միջոցով հայկական գինու եւ կոնյակի արտահանման ծավալներն ընդլայնելու համար»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:CIIE ցուցահանդեսը 2018-ին ունեցել է 2462 գրանցված գնորդ եւ 1178 մասնակից 82 երկրից, կնքվել է 657 նախնական պայմանագիր: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է 3893 ձեռնարկատիրություն շուրջ 170 երկրից եւ տարածաշրջանից, իսկ գրանցված այցելուների նախնական թիվը հասնում է 650 000-ի։ Tweet Դիտում՝ 1741