Ավելի քան 200 փորձագետ Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Մալազիայից, Հորդանանից, Օմանից, Եգիպտոսից, Լիբանանից, Ղազախստանից եւ այլ երկրներից ներկայացրել են իրենց գաղափարները եւ փորձառությունը նոյեմբերի 1-2-ը Երեւանում կայացած Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովին։ Cascade People & Business ընկերության եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով, Հայաստանում արդեն 8-րդ անգամ կազմակերպվել է մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողովը, որի խորագիրն էր «Աշխատանքի ապագան»։ Համաժողովի գլխավոր գործընկերները «Գալաքսի» ընկերությունների խումբն էր ու ՎՏԲ-Հայաստան Բանկը։«Այս տարի արդեն 8-րդ անգամ մենք կազմակերպում ենք այս համաժողովը, եւ արդյունքները միայն ուրախացնում են։ Մենք անդրադարձանք մեր համայնքին հուզող հարցերին, միասին աշխատեցինք, փոխանակվեցինք փորձով, զինվեցինք նոր գիտելիքներով եւ մշակեցինք գործողությունների պլան յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար։ Տարեցտարի համաժողովն ավելի ու ավելի լայն ճանաչում է ստանում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը։ Նշեմ, որ մյուս տարվա թեման եւս կընտրվի մասնակիցների կողմից»,- նշել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։ Այս տարվա համաժողովն անցել է դասախոսությունների եւ աշխատանքային խմբերի ձեւաչափով, իսկ համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ՄՌ մասնագիտական համայնքը, հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տվյալների, ոլորտի փորձագետների եւ մեր սեփական մասնագիտական փորձի վրա, դուրս է բերել ոլորտի հիմնահարցերը եւ զարգացման հնարավոր ուղիները։ «Որպես Հայաստանի առաջատար գործատուներից մեկը, մեր թիմի համար անչափ կարեւոր էր գործընկերների հետ մեր փորձառությամբ ու գիտելիքով կիսվելը, սովորելն ու սովորեցնելը, նաեւ ոգեւորվելը, խոսելն ու հետադարձ կապ ստանալը ոլորտի առաջատար փորձագետներից։ «Ապագայի աշխատանքը» համաժողովն արդյունավետ հարթակ էր դեպի ապագա նայող մեր ընկերությունների խմբի համար ու նման հարթակ ստեղծելու համար մենք շնորհակալ ենք կազմակերպիչներին»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլմիրա Հովհաննիսյանը։Միջոցառմանը մասնակցել են ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ եւ այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային կազմակերպություններից: Համաժողովը հյուրընկալել է հատուկ հրավիրված, միջազգային ճանաչում ունեցող խոսնակների աշխարհի տարբեր անկյուններից, որոնք ներկայացրեցին ոլորտի տեսլականն ու մոտեցումները։ Բացի այդ, մոդերատորները հանդես են եկել աշխատանքի ապագայի վերաբերյալ աշխատարաններով՝ ոլորտի ակնառու փորձագետների հետ։«Մենք արդեն ապրում եւ աշխատում ենք ապագայում ուստի հասկանում ենք, որ ապագայի աշխատանքը պահանջում է նոր հմտությունների եւ ունակություններ եւ անում ենք հնարավորինս մեր աշխատակիցների զարգացման համար: ՄՌ կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի ընթացքում մասնագետների եւ էքսպերտների հետ քննարկումների ընթացքում ավելի պարզ դարձավ, թե ինչպես պետք է Մարդկային ռեսուրսների կառավարիչները պատրաստվեն դարի մարտահրավերներին: Ուրախ եմ, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսացավ այս կարեւոր եւ միջազգային համաժողովի գործընկերը, որի արդյունքում, հուսով եմ, շատ աշխատակիցներ կդառնան էլ ավելի երջանիկ, էլ ավելի արդյունավետ եւ էլ ավելի մրցունակ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի կառավարման վարչության պետ Աստղիկ Սարգսյանը։ՄՌ կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի գործընկերներն են նաեւ «ՎանԱրդի» ընկերությունը, «Լոս Փաբլոս» մեքսիկական ռեստորանը, «ՍանՀաուս» կազմակերպությունը, «Պես-պես» գունազարդ գրքերը, «Մաջորել» կազմակերպությունը, «Գոու Արմենիա» տուրիստական ընկերությունը: Tweet Դիտում՝ 6080