ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական եւ տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան եւ տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը:Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռեւս այս տարվա հունիսին Լը Բուրժեում անցկացված՝ Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության եւ համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:«Airbus»-ը համաշխարհային տիեզերաօդային ոլորտի առաջատար ընկերություններից է, եւ Հայաստան այցի շրջանակում «Airbus»-ի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են մեր երկրի ոլորտային արդյունաբերությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կրթական ծրագրերի իրականացմամբ, հայաստանյան ինստիտուտների հետ համագործակցության հաստատմամբ: Մասնավորապես, «Airbus»-ը պատրաստակամություն է հայտնել կրթական եւ վերապատրաստման ծրագրեր իրականացնել առաջատար ֆրանսիական տիեզերաօդային համալսարանի՝ Ավիացիայի եւ տիեզերքի Ազգային բարձրագույն դպրոցի մասնակցությամբ: Tweet Դիտում՝ 1740