Երեւան, 27 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թվականին Հայաստանի բանկային համակարգում “աճի աննախադեպ ցուցանիշներ” են արձանագրվել: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այդ մասին ասել է դեկտեմբերի 26-ի երեկոյան բանկերի ղեկավարների պատվին կազմակերպած ավանդական նախատոնական ընդունելությանը: ԿԲ ղեկավարի խոսքերով, ավարտվող տարում Հայաստանի բանակային ոլորտի աճը կազմել է 40%: Տիգրան Սարգսյանը հատուկ նշել է այն փաստը, որ այս տարի հայկական բանկերը “շահութաբերության աննախադեպ ցուցանիշներ” են գրանցել: 2007 թվին վարկերի համախառն աճը կազմել է 72%, իսկ հիփոթեքային վարկավորման ծավալը 2006 թվականի համեմատ կրկնապատկվել է, ասել է Տիգրան Սարգսյանը: ԿԲ ղեկավարը նշել է, որ աճի էլ ավելի տպավորիչ տեմպեր են ցուցաբերերել վարկային կազմակերպությունները: Եթե բանկերի ակտիվների աճը կազմել է 40%, ապա վարկային կազմակերպությունների մոտ այդ ցուցանիշը 100%-ի է հասել: Տիգրան Սարգսյանն “աննախադեպ” է անվանել նաեւ հայկական բանկերի արտաքին փոխառումների ծավալը, որը 2007 թվին կազմել է 82 մլրդ դրամ: ԿԲ ղեկավարը նշել է, որ ավարտվող տարում հայաստանյան ապահովագրական ընկերությունների շահույթը կրկնապատկվել է, իսկ պարտավորությունների ծավալն աճել է 24%-ով: Տիգրան Սարգսյանը հատուկ նշել է արժեթղթերի շուկայի զարգացման հետ կապված գործընթացները` շվեդական OMX-ի կողմից Հայկական ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ձեռք բերման համաձայնագրի ստորագրումը եւ մի քանի խոշոր հայկական ընկերությունների կողմից պարտատոմսերի թողարկումը: Տիգրան Սարգսյանի խոսքերով, հիմքեր են դրվել, որպեսզի 2008 թվականը “որոշիչ” դառնա Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6350