ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն»:«Այս նպատակը մեզ հասանելի եւ իրատեսական է թվում նաեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են»,- ասել է վարչապետը ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսի (WCIT 2019) պաշտոնական բացմանը: Վարչապետն ընդգծել է, որ «մեծ պատիվ է այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն շատ լավ առիթ է միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու ռազմավարության մասին»:«Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում, այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ, մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է գրանցում, այս տարի ունենք տուրիզմի շուրջ 13 տոկոս աճ, տպավորիչ աճ է գրանցում նաեւ տեխնոլոգիական ապրանքների արտահանումը. առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը մեր երկրից աճել է 40.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 34.4 տոկոսով»,- ասել է վարչապետը:Անդրադառնալով կրթությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն Հայաստանում պետք է դառնա ազգային ապրելակերպ:«Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար»,- ասել է կառավարության ղեկավարը։ WCIT 2019-ին մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Tweet Դիտում՝ 11390