ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-26-ը Նիդերլանդներում էր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ պատվիրակության կազմում էին AM Partners ընկերության ղեկավար Վահե Մամբրեյանը եւ CARD կազմակերպության տնօրեն Գագիկ Սարդարյանը։ Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Նիդեռլանդական ներդրումային բանկում, ինչպես նաեւ Ֆրիսլանդ նահանգի կաթնարդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սեպտեմբերի 26-ին Հեռենվեն քաղաքում տեղի է ունեցել կաթնարդյունաբերության եւ հարակից ոլորտները ներկայացնող շուրջ երեք տասնյակ խոշոր հոլանդական ընկերությունների մասնակցությամբ գործարար սեմինար, որի նպատակն էր ներկայացնել BLES Dairies խորհրդատվական կազմակերպության կողմից Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտի եւ հոլանդական ընկերությունների գործունեության ներուժի վերաբերյալ պատրաստված համապարփակ զեկույցը։ Մի շարք հոլանդական ընկերությունների ներկայացուցիչներ կիսվել են Հայաստանում իրենց գործունեության փորձառությամբ։ Սեմինարի երկրորդ հատվածում Հայաստանի պատվիրակության անդամներն ու զեկույցի հոլանդացի հեղինակները պատասխանել են հոլանդացի գործարարներին հուզող հարցերին: Նախաձեռնությունը շարունակական է, եւ նոյեմբերին նախատեսվում է հայկական կաթնարդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների այցելությունը Նիդեռլանդներ։ Tweet Դիտում՝ 1905