ԱԶԲ-ն բարձրացնում է Հայաստանի համար տնտեսական աճի կանխատեսումը

25.09.2019 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #զեկույց

Ասիական զարգացման բանկում նշել են, որ Հայաստանում տարեկան կտրվածքով աճը թուլացել է՝ 2018թ. առաջին կիսամյակի 8,7%-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 6,8%-ի, ինչը շարունակում է մնալ կայուն՝ արտացոլելով կենսունակ ներքին պահանջարկը:

Այս մասին նշված է ԱԶԲ-ի՝ այսօր թողարկած Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցի թարմացված տարբերակում:

Այնուամենայնիվ, ԱԶՀ թարմացված զեկույցը բարձրացնում է տնտեսական աճի կանխատեսումը 2019թ․ համար՝ 4,3%-ից (տարեսկզբի զեկույց) բարելավելով 4,8% տնտեսական աճ։ Միևնույն ժամանակ, 2020թ․ տնտեսական աճը մնացել է նույնը՝ 4,5%:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում արդյունաբերությունը, առանց շինարարության ոլորտի, արձանագրել է բարձր ցուցանիշներ՝ ընդլայնվելով 5,2%-ով, պայմանավորված նրանով, որ աճն արտադրության եւ հանքարդյունաբերության մեջ գերակշռել է էլեկտրաէներգիայի ավելի ցածր արտադրությանը:

Շինարարությունն աճել է 3,5%-ով՝ հիմնականում ի հաշիվ ավելի շատ բնակարանաշինության:

Ծառայություններն աճել են 9,8%-ով՝ ի հաշիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, ապահովագրության եւ հանգստի ոլորտներում արձանագրված մեծ ձեռքբերումների: Անբարենպաստ եղանակները զսպիչ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա, որը, 2018թ. արձանագրելով ընդհանուր 8,5%-ի նվազում, շարունակել է այդ միտումը՝ 2019թ. առաջին կիսամյակում արձանագրելով 6,9%-ով անկում:

Ըստ ԱԶԲ փորձագետների՝ պահանջարկի մասով մասնավոր սպառումը կիսամյակային կտրվածքով ավելացել է 14%-ով, ինչը խրախուսվել է չափավոր գնաճով, սպառողների դրական սպասելիքներով եւ ցածր տոկոսադրույքներով, որ խթանել է սպառողների փոխառությունը: Հարկաբյուջետային համախմբումը կրճատել է պետական սպառումը 5,9%-ով: Անբավարար պետական ներդրումների պայմաններում ընդհանուր ներդրումները նվազել են 20,1%-ով: Զուտ արտահանումը շարունակում էր զսպել աճը, քանի որ ներմուծումը գերազանցում էր արտահանմանը:

«Ծառայությունների եւ մասնավոր սպառման բարձր աճի լույսի ներքո՝ սույն զեկույցը բարձրացնում է աճի կանխատեսումը 2019թ. համար, միաժամանակ անփոփոխ թողնելով 2020թ. կանխատեսումը: Հայաստանի Կենտրոնական բանկը պահպանեց իր հարմարվողական դրամավարկային դիրքերն աճին աջակցելու նպատակով, մինչդեռ կառավարությունը շարունակեց հետամուտ լինել հարկաբյուջետային քաղաքականության կոշտացմանը: Ունենալով ցածր գնաճ եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ կայուն փոխարժեք՝ Կենտրոնական բանկը նվազեցրեց քաղաքականությամբ սահմանված իր տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ 2019թ. հունվարին այն հասցնելով 5,75%-ի:

Տարեկան միջին գնաճը 2018թ. առաջին կեսի 2,4%-ից դանդաղեց՝ 2019թ. նույն ժամանակահատվածում հասնելով 2%-ի՝ այդպիսով արձանագրելով գների 3,6% աճ սննդամթերքի, 1,2% աճ սպառողական ապրանքների եւ 0,2% աճ ծառայությունների համար: Նախորդ տարվա համեմատ՝ 2019թ. հունիս ամսին գնաճը կազմել է 2,5%՝ այն է Կենտրոնական բանկի 2,5%-5,5% թիրախի ստորին սահմանին:

Այսպիսով, սույն տարբերակը նվազեցնում է 2019թ. համար գնաճի կանխատեսումը, սակայն պահում է ավելի բարձր կանխատեսում 2020թ. համար՝ ցածր եւ միջին եկամուտ ստացողների հարկային բեռի նվազեցման նպատակով եկամտահարկի դրույքաչափերի նվազեցման, 2019թ. սեպտեմբերից եւ հոկտեմբերից որոշ պետական աշխատողների խմբերի աշխատավարձերի պլանավորված բարձրացումների, 2020թ. հունվարից թոշակների ավելացման եւ ոչ Եվրասիական տնտեսական միության երկրներից ներմուծման համար նախատեսվող ավելի բարձր մաքսատուրքերի լույսի ներքո»,- ասված է զեկույցում:

Ներկայիս վճարային հաշվեկշռի պակասուրդը 2018թ. առաջին կիսամյակի ՀՆԱ-ի 10,4%-ի համարժեքից ընդլայնվեց՝ մեկ տարի անց հասնելով 10,9%-ի, ինչը պայմանավորված է առեւտրի պայմանների վատթարացմամբ, հիմնական առեւտրային գործընկերների արժույթների, այդ թվում` եվրոյի եւ ռուսական ռուբլու, ու ներդրումային եկամուտի նկատմամբ հայկական դրամի արժեւորմամբ, արտասահմանից աշխատողների վաստակած գումարներով եւ փոխանցումների նվազումով:

Արտահանումը նվազել է տարեկան 7,8%-ի, իսկ ներմուծումը 2,8%-ի չափով՝ ընդլայնելով ապրանքների առեւտրի պակասուրդը՝ 2018թ. առաջին կիսամյակի ՀՆԱ-ի 14,2%-ի համարժեքից՝ մեկ տարի հետո հասնելով 14,4%-ի:

Ելնելով 2019թ. առաջին եռամսյակի զարգացումներից՝ ԱԶԲ-ն բարձրացնում է 2019 եւ 2020 թվականներին ընթացիկ վճարային հաշվեկշռի պակասուրդի կանխատեսումները:

Դիտում՝ 6105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW