Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,25 տոկոսային կետով

29.01.2019 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#վերաֆինանսավորման տոկոսադրույք #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5,75%:

«2018թ. դեկտեմբերին գրանցվել է 1,5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1,8%. սեզոնային ապրանքների գները ձեւավորվել են համեմատաբար ցածր մակարդակում, ինչպես նաեւ որոշակի նվազել է բնականոն գնաճը։ Արդյունքում, առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի եւ 12-ամսյա գնաճը կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում։


Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը որոշակի թուլացման նշաններ են ցույց տալիս թե՛ առաջատար եւ թե՛ զարգացող երկրներում, իսկ առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Արդյունքում, հիմնական ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում են գնաճային միջավայրի թուլացման միտումները, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ 2018 թ. վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռեւս թույլ մնալ, իսկ տարվա տնտեսական աճը սպասվում է 5%-ի շրջակայքում:

Համախառն պահանջարկի թուլացումը մեծամասամբ պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով եւ մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ։ Խորհուրդը գնահատում է նաեւ, որ ցածր գնաճը մասամբ կրում է կառուցվածքային բնույթ՝ տնտեսության եւ պետական քաղաքականության երկարաժամկետ փոփոխություններով պայմանավորված, որը նաեւ նպաստում է եկամուտների գնողունակության պահպանմանը եւ գնաճային սպասումների խարսխմանը։


«Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով եւ կիրառել երկարաժամկետ իրացվելիության ներարկման գործիքակազմը։ Միեւնույն ժամանակ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում ավելի երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գների կայունության ապահովման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը հիմնականում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը դեռեւս ներքեւի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին եւ թե՛ ներքին գործոններով: ԿԲ-ն ուշադրությամբ հետեւում է մակրոտնտեսական զարգացումներին եւ ռիսկերի դրսեւորման պարագայում ըստ անհրաժեշտության կճշգրտի դրամավարկային քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը»,- նշել են ԿԲ-ում:
Դիտում՝ 2654
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW