Տարին ամփոփվում է վերաֆինանսավորման անփոփոխ տոկոսադրույքով

25.12.2018 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #վերաֆինանսավորման տոկոսադրույք
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%:

«2018թ. նոյեմբերին գրանցվել է 1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2%-ի փոխարեն, որն հիմնականում պայմանավորվել է սեզոնային ապրանքների գների համեմատաբար ցածր աճով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 1,8%, ինչը նաեւ ուղեկցվել է բնականոն գնաճի որոշակի դանդաղմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի եւ 12-ամսյա գնաճը կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից փոքր-ինչ ցածր մակարդակում»,- ասված է հաղորդագրությունում:

Համաշխարհային տնտեսության աճի փաստացի զարգացումներն ընթացել են կանխատեսումներին համահունչ, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակել են խստացնել դրամավարկային պայմանները: Դա ուղեկցվել է հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրի թուլացմամբ, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:


Խորհուրդն արձանագրել է, որ երկրորդ կիսամյակում համախառն պահանջարկը շարունակում է մնալ հարաբերականորեն թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության պահպանվող զսպող դիրքով եւ մասնավոր ծախսումների որոշակի թուլացմամբ։ Մյուս կողմից, ցածր գնաճային միջավայրը, մասնավոր սպառման աճի ցածր տեմպերի պարագայում, նպաստել է երկրում իրական եկամուտների գնողունակության պահպանմանը եւ գնաճային սպասումների խարսխմանը։

«Վերոնշյալ իրավիճակում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը, որը գնահատվում է ավելի խթանող՝ հաշվի առնելով գործընկեր երկրներում տոկոսադրույքների բարձրացումը: Խորհուրդը նաեւ գնահատում է, որ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռեւս կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- նշել են ԿԲ-ում:

Կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը դեռեւս ներքեւի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին եւ թե՛ ներքին գործոններով: Գնաճի եւ տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:
Դիտում՝ 1530
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW