ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում ներկայացվել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծը։ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը շահագրգիռ կողմերի հետ հանդիպմանն ընդգծել է, որ «ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ եւ բացառիկ, նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգ»: «Այն թույլ կտա ապահովել ոլորտի թափանցիկությունն ու ցածր ռիսկայնությունը, վերահսկել ֆինանսական հոսքերը՝ ավելացնելով պետական բյուջե կատարվող մուտքերը, բացառել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերը, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել բիզնես-գործընթացները վերահսկող մարմնի կողմից միջամտությունը՝ վերահսկողությունն իրականացնելով «աննկատ» ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում: Ակնկալվում է, որ միջազգային չափորոշիչների հիման վրա խաղային սարքավորումների եւ ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման արդյունքում հնարավոր կլինի բացառել կեղծ կամ չարտոնագրված խաղային սարքավորումների կամ խաղային ծրագրային միջոցների շահագործումը` ապահովելով խաղացողների շահերի պաշտպանվածությունը:«Անալիտիկ հաշվետվությունների համակարգի միջոցով հնարավոր կլինի կատարել ոլորտի մեծածավալ ուսումնասիրություն եւ վերլուծություն, քանի որ համակարգը աշխատում է մեծածավալ (big data) ինչպես թվային, այնպես էլ չինդեքսավորված տեքստային տվյալների հետ»,- ամփոփել են ՊԵԿ-ում։ Tweet Դիտում՝ 1206