Դիլիջանում Մակրոտնտեսական մոդելավորման համաժողով կանցկացվի

09.09.2019 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն #համաժողով
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում սեպտեմբերի 11-13-ը գումարվելու է կենտրոնական բանկերի Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը՝ «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմանները» (Advancing the Frontiers of Monetary Policy) թեմայով։

Ինչպես նշել են ԿԲ-ում, համաժողովի նպատակն է մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնողներին եւ ակադեմիական շրջանակներին հնարավորություն ընձեռել քննարկել քաղաքականության մշակման մեջ օգտագործվող մոդելների արդի խնդիրները եւ զարգացման նոր ուղղությունները։

Համաժողովի հիմնական խոսնակներն են Մորիս Օբստֆելդտը՝ Բերքլիի համալսարանի դասախոս, Դուգլաս Լաքստոնը՝ միջազգային փորձագետ, Թոմաս Հոլուբը՝ Չեխիայի ազգային բանկի խորհրդի անդամ եւ Ասսաֆ Ռազինը՝ Թել-Ավիվի համալսարանի դասախոս։

Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովին մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Ավստրիայի, Կանադայի, Իտալիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի, Չեխիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Չիլիի,  Ուկրաինայի, Վրաստանի, Ֆիլիպինների ազգային եւ կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք միջազգային հեղինակավոր համալսարանների գիտնականներ եւ դասախոսներ:

Համաժողովի հիմնական թեմաներն են գնաճի նպատակադրման ռազմավարությունը, «ոչ-ստանդարտ» դրամավարկային քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում ֆինանսական ցուցանիշների դերը, ինչպես նաեւ մակրոքաղաքականության մոդելավորմանն առնչվող այլ արդիական հարցեր:

Համաժողովն ուղիղ հեռարձակվելու է սոցցանցերով եւ ԿԲ յութուբյան ալիքով, ինչի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրվեն համաժողովի բացման օրը:
    
ԿԲ-ում նշել են, որ սա երկրորդ նման համաժողովն է Հայաստանում: 2016թ. սեպտեմբերին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է «Մակրոտնտեսագիտության արդի խնդիրները» թեմայով մակրոտնտեսական մոդելավորման համաժողովը:
Դիտում՝ 4334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW