Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF)՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ, Տավուշի մարզում իրականացրել է «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։ Բանկում նշել են, որ չորրորդ տարին անընդմեջ բանկի աջակցությամբ UMAF-ի բժիշկներն իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր եւ ակնաբուժական սարքավորումներ՝ տեղում ստուգելով երեխաների տեսողությունն ու հարկ եղած դեպքում նրանց համար պատրաստում եւ նվիրում անհրաժեշտ ակնոցներ: Ծրագրի շրջանակում այս տարի Տավուշում հետազոտվել է շուրջ 600 երեխա։«Տեսողությունը շատ կարեւոր բան է երեխաների համար, որովհետեւ, երբ երեխան լավ չի տեսնում, չի կարողանում լավ հետեւել իր դասերին: Լավ սովորելու համար պետք է լավ տեսնել: Ուրիշ քաղաքներից էլ երեխաներին ավտոբուսով ենք բերում. կազմակերպում ենք, որպեսզի երեխաները կարողանան գալ եւ ճանապարհային խնդիրներ չունենան։ Շնորհակալ ենք մեր գործընկեր Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին․ արդեն մի քանի տարի է բանկն է ծրագրին հարկավոր գումարի մեծ մասը տրամադրում։ Այդ միջոցներով մենք կազմակերպում ենք անհրաժեշտ սարքավորումների տեղափոխումը Ֆրանսիայից Հայաստան ու իրականացնում նաեւ կազմակերպչական այլ աշխատանքներ»,- նշել է Հայաստան ժամանած՝ Ֆրանսիայի բժիշկների միության անդամ, ծրագրի համահիմնադիր Պետրոս Օհանյանը:Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ UMAF-ի համագործակցությունը մեկնարկել է 2016-ին, որի շրջանակում յուրաքանչյուր տարի ֆրանսահայ բժիշկները բանկի աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում երեխաների համար իրականացնում են ակնաբուժական անվճար ծրագիր: Tweet Դիտում՝ 2208