Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում այսօր բացվել է «Գիտական եւ արկածային զբոսաշրջության կենտրոն»-ը։ Կենտրոնը հիմնադրվել է «Կալավան Թայմ Լենդ» հիմնադրամի, Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի, ՓՄՁ ԶԱԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի համագործակցության շնորհիվ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն ասել է, որ «Կալավանը մարդու եւ բնության ներդաշնակ միասնության յուրատեսակ միջավայրով, կենսագործունեության ապահովման տարբեր եղանակներով իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի զբոսաշրջության քարտեզի վրա»: «Այսօր զբոսաշրջության մեջ պարզ սպառումն այլեւս գրավիչ չէ։ Մարդկանց հետաքրքրում են զգացողությունները, գիտելիքը, ճանաչողական փորձառությունը, ու այս ամենը եւ ավելին տեղաբնակների շնորհիվ կարելի է գտնել Կալավանում, որը վերածվել է այլ համայնքներում տարածման արժանի բիզնես մոդելի»,- ասել է փոխնախարարը։ Ըստ նրա՝ այս նախագծի ամենաարժեքավոր բաղադրիչը ոչ թե ի սկզբանե եկամուտ ստանալու գերխնդիրն էր, այլ համայնքային զարգացման գաղափարը, ապա նոր միայն օգուտի ձեւավորումը։ Իսկ օգուտը ստացվում է հենց տեղի բնակիչների տանը՝ կապելով վերջիններիս ապագա ծրագրերը հարազատ հողի վրա ապրելու եւ արարելու հետ:«Գիտական եւ արկածային զբոսաշրջային կենտրոն»-ը միտում ունի դառնալ հենանիշ Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար՝ միաժամանակ ստեղծելով նոր աշխատատեղեր տեղի բնակիչների կյանքը բարելավելու նպատակով: Զբոսաշրջիկներն այստեղ հնարավորություն կունենան հանգստանալ վրաններում եւ իրականացնել հանդիպումներ եւ կարեւոր միջոցառումներ կենտրոնի ներսում: Tweet Դիտում՝ 2748