Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ $13 մլն արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։ 2018 թ. տարեվերջյան նիստերից մեկում ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության եւ վերամշակման մեջ։Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գեւորգ Գասպարյանը եւ Վարդան Սրմաքեշը նշել են, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Արդեն այսօր գործարանի արտադրանքն օգտագործվում է բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների եւ սրբիչների արտադրության մեջ։Նախատեսվում է գործարկել նաեւ բժշկական բամբակյա իրերի արտադրություն։Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից մինչ օրս իրականացվել է $4 մլն-ի համարժեք ներդրում։ Նախատեսվում է առաջիկա 1 տարում ավարտին հասցնել նաեւ ՀՀ կառավարության կողմից արտոնություն ստացած $13 մլն արժողությամբ ներդրումային ծրագիրը։ Առաջին փուլով նախատեսվում է ունենալ մինչեւ 120 աշխատակից: Ներկայում ընկերությունն ունի 41 վերապատրաստված աշխատակից, առկա են թափուր աշխատատեղեր։ Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառվում է տեքստիլ արտադրության մեջ։ Սպառման հիմնական շուկաներն են Հայաստանը եւ Ռուսաստանը։ Tweet Դիտում՝ 3478