Հայաստանի արտաքին պարտքը 15 ամսում կրճատվել է $120 մլն-ով

07.08.2019 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն իր հետազոտությունում անդրադարձել է ՀՀ արտաքին պետական պարտքի դինամիկային 2018-ի ապրիլ-2019-ի հունիս ամիսների ընթացքում:

Ըստ այդմ՝ վերջին 15 ամսվա ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը կրճատվել է շուրջ $120 մլն-ով (118,6) կամ 2,1%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը կրճատվել է $85,4 մլն-ով, իսկ ՀՀ կառավարության արտաքին պարտքը՝ $32,9 մլն-ով:

15 ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով ներգրավվել է $ 77,9 մլն, իսկ վարկերի եւ փոխառությունների մարումը կազմել է $78,8 մլն:

Վարկերի եւ փոխառությունների գծով զուտ մուտքը կազմել է շուրջ -$300 000:


«Եթե դիտարկենք ՀՀ արտաքին պետական պարտքի արժութային կառուցվածքը, ապա վերջին 15 ամսվա ընթացքում, ինչպես ՀՀ Կենտրոնական բանկի, այնպես էլ ՀՀ կառավարության արտաքին պարտքի կառուցվածքում որոշակիորեն ավելացել է ԱՄՆ դոլարով պարտքի մասնաբաժինը, մինչդեռ ազատ փոխարկելի տարադրամով (SDR) պարտքի տեսակարար կշիռը կրճատվել է:

Միեւնույն ժամանակ, վերջին 15 ամսվա ընթացքում ազատ փոխարկելի տարադրամը (SDR) դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4,6%-ով, իսկ եվրոյի դեպքում արժեզրկումը կազմել է 8,3%:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ արտաքին պետական պարտքի կրճատումը շուրջ $120 մլն պայմանավորված է եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ ազատ փոխարկելի տարադրամի արժեզրկմամբ եւ ԿԲ-ի կողմից արտաքին պարտքի մարմամբ»,- ասված է հետազոտությունում:
Դիտում՝ 1858

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW