«Սանիթեք» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանին առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ քաղաքի աղբահանությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը՝ նշելով, որ «վատաբանելու փոխարեն արդյունավետ կլինի համատեղել ջանքերը եւ լուծել ստեղծված իրավիճակը»։ Նրա խոսքով՝ աղբահանության խնդիրները լուծելու համար պետք է վերանայվի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը:«Խնդրի լուծման համար առաջարկում ենք լուծումներ, որոնք շահեկան կլինեն բոլոր կողմերի համար։ Որպես կարճաժամկետ լուծում՝ առաջարկում ենք մեկտեղել ջանքերը՝ օգտագործելով քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ձեռք բերված աղբատար մեքենաները եւ աղբադույլերը»,- ասել է Նիկոլաս Էլ Թավիլը։Խոսելով ավելի հեռահար ծրագրերի մասին՝ նա նշել է, որ պատրաստ են $4 մլն ներդրում կատարել նոր աղբատար մեքենաներ եւ աղբադույլեր գնելու համար, ինչպես նաեւ տարեկան ներդրում կատարել՝ 500 աղբամանի ձեռքբերման, եղած ավտոպարկը հնարավորինս արդիականացնելու համար։«Պատրաստ ենք ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ՝ թափանցիկություն եւ հաշվետվողականություն ապահովելու համար եւ վերակառուցել առկա ֆինանսական պարտավորությունները»,- հայտնել է ընկերության տնօրենը։ Նա ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն էլ պետք է պարտավորվի մշակել եւ ներդնել աղբի կառավարման քաղաքականություն, գործողությունների ծրագիր եւ այլն։Անդրադառնալով ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործին՝ Նիկոլաս Էլ Թավիլը հայտարարել է, որ այն «անօրինական է եւ անհիմն»։«Մենք արել ենք առավելագույնը աղբահանումը պատշաճ կազմակերպելու համար, սակայն այսօր ընկերությունը հայտնվել է բարդ իրավիճակում»,- հավելել է նա։ Tweet Դիտում՝ 1713