Գլոբալ ինովացիոն ինդեքսում Հայաստանը 4 դիրքով առաջընթաց է արձանագրել

31.07.2019 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գլոբալ ինովացիոն ինդեքս
Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 64-րդ տեղում է, ինչը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է 4 դիրքով:

Էկոնոմիկային նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է (2018թ. Հայաստանը ներառված էր միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների տասնյակում):

Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ եւ հետազոտություններ», «Ինստիտուտներ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Գիտելիքի եւ տեխնոլոգիական արտադրանք» հենասյուներով:

Հատկանշական է դրական տեղաշարժը «Բիզնես սկսելու դյուրինությունը», «ՏՀՏ հասանելիություն մակարդակը», «Գիտական եւ տեխնիկական հոդվածներ», «ՀՆԱ-ի աճի տեմպը», «ՏՀՏ ծառայությունների արտահանումը», «Ազգային խաղարկային ֆիլմեր», «Առցանց ստեղծարարություն», «Վիկիպեդիայի խմբագրումները», «Արտոնագրերն ըստ ծագման», «Օգտակար մոդելներն ըստ ծագման» ցուցանիշներով:

2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի հաշվետվությունն ունի հստակ թեմատիկ ուղղվածություն` առողջապահական ինովացիաներ, եւ վերլուծում է առողջապահական ինովացիոն միջավայրը` դիտարկելով տեխնոլոգիական եւ ոչ տեխնոլոգիական առողջապահական ինովացիաների դերը առողջապահական ծառայությունների մատուցման տրանսֆորմացիայի տեսանկյունից:

Այս տարի ինդեքսի առաջին վարկանշային եռյակը զբաղեցնում են Շվեյցարիան, Շվեդիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Գլոբալ ինովացիոն ինդեքսի վերաբերյալ ամենամյա հաշվետվությունները կազմվում եւ հրապարակվում են 2007-ից ի վեր՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), «Cornell» համալսարանի եւ «INSEAD» միջազգային բիզնես դպրոցի համատեղ ջանքերով:

Ինդեքսը նկարագրում է աշխարհի 130 երկրների տնտեսությունների ինովացիոն կարողությունները եւ կատարողականը` հատուկ մշակված մեթոդոլոգիայի միջոցով վարկանշավորելով երկրները 80 որակական եւ քանակական ցուցանիշների հիման վրա։
Դիտում՝ 2326
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW