«Գրանթ Թորնթոն» ընկերությունը իրականացրել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ իր նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է 2019-ի հուլիսին եւ հիմնված է առավելապես պատմական տվյալների վերլուծության վրա: «Հայերեն եւ անգլերեն լեզուներով հասանելի այս անկախ, օբյեկտիվ, համապարփակ եւ վստահելի ուսումնասիրության օգտագործող կարող են հանդիսանալ ինչպես անհատներ, ովքեր ցանկանում են ստանալ տեղեկություն եւ ժամանակային վերլուծություն անշարժ գույքի վերաբերյալ, այնպես էլ անշարժ գույքի շուկայի հետ առնչություն ունեցող անձինք եւ կազմակերպություններ, որոնց անհրաժեշտ է վերլուծություն ըստ շուկայում տեղի ունեցող գործարքների եւ անշարժ գույքի տեսակների»,- նշված է հաղորդագրությունում:Սույն վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել անշարժ գույքի շուկայի կառուցվածքի, գործարքների ու գույքի տեսակների մասին, հասկանալ շուկայի զարգացումները ու համեմատել վերջին միտումները նախորդ տարիների հետ:«Գրանթ Թորնթոնում» նշել են, որ Հայաստանում անշարժ գույքի շուկան վերջին տարիների պասիվացումից ու չափավոր աճի միտումներից հետո 2018-ին դրսեւորել է էական ակտիվություն, ինչը, հիմնականում, բացատրվում է շուկայի պոտենցիալ գնորդների դրական քաղաքական ու տնտեսական սպասումներով: Անշարժ գույքի գրանցման գործարքների ընդհանուր քանակն էլ հասել է երբեւէ գրանցված առավելագույնին՝ կազմելով 160,000-ից ավելի գործարք, ինչը 13%-ով ավելի էր նախորդ տարվա ցուցանիշից:«Ներբեռնեք ամբողջական վերլուծությունը մեր կայքից, եւ կիսվեք բոլոր շահագրգիռ անհատների եւ կազմակերպությունների հետ: Անհրաժեշտության դեպքում «Գրանթ Թորնթոն Հայաստանի» մեր խորհրդատուները սիրով Ձեզ կտրամադրեն հավելյալ տեղեկատվություն սույն վերլուծության վերաբերյալ, ինչպես նաեւ մասնագիտական խորհրդատվություն անշարժ գույքի հետ կապված այլ հարցերի շուրջ»,- ամփոփել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 6564