Սիսիանում՝ Շաքիի ջրվեժի հարակից տարածքում, արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվել է Ազնվամորու փառատոնը, որը կազմակերպել էին Վորլդ Վիժն Հայաստանը եւ «Վիկտորյա» ազնվամորի արտադրողների խումբը:«Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով փառատոնը հնարավորություն է տվել Սյունիքի մարզի 70 ազնվամորի արտադրողներին ներկայացնելու եւ վաճառելու իրենց արտադրանքը, ինչպես նաեւ ծանոթանալ հնարավոր գնորդների հետ հետագա համագործակցության ակնկալիքով: «Լավ կլիներ, որ նման միջոցառումները մեր մարզում շատ լինեն: Այս միջոցառումները նպաստում են տուրիզմի զարգացմանը Սյունիքի մարզում»,- ասել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:«Երեխաների բարեկեցությունը ուղղակիորեն կապված է նրանց ընտանիքների բարեկեցության հետ: Արտադրողներին հզորացնելով՝ Վորլդ Վիժնը նպաստում է նրանց եկամուտների աճին, իսկ արտադրողներն էլ ստացված եկամուտներով կարողանում են ստեղծել բարեկեցիկ միջավայր իրենց երեխաների զարգացման համար»,- նշել է Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի զարգացման ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը: Փառատոնի օրակարգը ներառել է ազգային եւ ժամանակակից երգ ու պար, հայկական ավանդական գաթայի եւ ազնվամորու հյուրասիրություն, խաղարկություններ, մրցույթներ եւ անակնկալներ: Նախորդ 4 տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանը Սյունիքի մարզում հիմնել է Ազնվամորի արտադրողների 8 խումբ՝ 70 ֆերմերներով: Վորլդ Վիժնն աջակցում է հիմնականում ոչ բավարար եկամուտ ունեցող ֆերմերներին ՝ ընդլայնելու նրանց պատկերացումը շուկայի պահանջարկի վերաբերյալ, ինչպես նաեւ զարգացնելու նրանց սակարկելու կարողությունը, ինչը կհանգեցնի արտադրանքից ստացվող շահույթի ավելացմանը: Tweet Դիտում՝ 4208