ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության եւ գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, պետական աջակցության ծրագրերի վերակառուցման հնարավորությունները` ըստ ընկերությունների պահանջների: Անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, մասնավորապես՝ ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին:Ընկերություններն առաջարկներ են ներկայացրել արտաքին շուկաներում հայկական ոգելից խմիչքների առաջմղման միջոցառումների վերաբերյալ: Ոլորտի ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են ներկայացրել այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են ֆակտորինգի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, արտարժույթի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցումը, շուկայում կեղծ արտադրանքի առկայությունը: Առաջարկվել է քննարկել նաեւ լոգիստիկ հարցերը, հարկային եւ մաքսային վարչարարության խնդիրները։ Որոշ կետերի առնչությամբ Տիգրան Խաչատրյանը հանձնարարականներ է տվել «Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության» հիմնադրամին։ Նախարարը դիտարկել է որոշ երկրների շուկաներ թիրախավորելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով գործող առեւտրային կարգավորումները եւ հետաքրքրությունը։ Tweet Դիտում՝ 1273