Երեւան, 14 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայէկոնոմբանկը” Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ այսօր ստորագրել է $15 մլն գումարի սինդիկացված վարկ ներգրավելու մասին պայմանագիր: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Հայէկոնոմբանկի” գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանն այսօր հայտարարել է, որ նման պայմանագրի ստորագրումն աննախադեպ է Հայաստանի բանկային պրակտիկայում, քանի որ առաջին անգամ 6 հայտնի միջազգային բանկեր մասնակցել են սինդիկացված վարկի ձեւավորմանը: Սինդիկացված վարկին մասնակցել են ՎԶԵԲ-ը, գերմանական Commerzbank AG-ն, ավստրիական Raiffeizen Zentralbank Osterreich AG-ն ու Bank Austria Creditanstalt AG-ը, հնդկական State Bank of India-ն, թայվանական Land Bank of Taiwan-ն ու անգլիական FBN Bank (UK) Limited-ը: Սինդիկացված վարկը բաղկացած է երկու առանձին վարկերից: $5 մլն ծավալով առաջինը կտրամադրվի 36 ամիս ժամկետով ՎԶԵԲ-ի կողմից: $10 մլն ծավալով երկրորդը տրամադրվում է մասնակից բանկերի կողմից: Միջոցները կուղղվեն արտադրության, սպասարկման եւ առեւտրի ոլորտում զբաղված ընկերությունների վարկավորմանը: Վարկի առավելագույն գումարը կկազմի $400.000: “Մեր բանկային համակարգը դուրս է գալիս միջազգային ֆինանսական շուկա, ինտեգրվում է միջազգային բանկային համակարգում եւ ներգրավում է միջոցներ միջին եւ փոքր բիզնեսի զարգացման համար”,- այսօր ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6909