Սոցիալական ձեռնարկությունը՝ բիզնես գործունեության յուրօրինակ մոդել

10.07.2019 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սաթիկ Բադեյան #ՍՁ
Արդեն մի քանի տասնամյակ է՝ աշխարհում արագ տեմպերով զարգանում է սոցիալական ձեռնարկատիրությունը, որից անմասն չի մնում նաեւ Հայաստանը՝ առաջարկելով նորարարական բիզնես մոդելներ՝ միտված սոցիալական խնդիրների լուծմանը։ Թե զարգացման ինչ փուլում է գտնվում ոլորտը եւ ինչպիսի հեռանկար ունի, Banks.am-ին պատմել է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը։

Մեկնարկ եւ առաջին քայլեր

Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների (կազմակերպության տեսակ, որի ստեղծման նպատակն է լուծել սոցիալական որեւէ խնդիր` տվյալ խնդրի լուծման մասշտաբները ընդլայնելու եւ կայունությունն ապահովելու համար, հաճախ նորարարական լուծումների միջոցով, ստեղծելով լրացուցիչ եկամուտ եւ նույնիսկ շահույթ – խմբ.) մասին սկսեցին խոսել վերջին տասը տարիների ընթացքում, երբ տարբեր միջազգային դոնոր կազմակերպություններ դրամաշնորհներ տրամադրեցին դրանց ստեղծման համար։

Սկզբնական շրջանում, սակայն, այդ ձեռնարկությունները լիարժեքորեն չէին կայանում եւ դրամաշնորհի ավարտից հետո փակվում էին։ Պատճառն այն էր, որ դրամաշնորհները սովորաբար տրվում էին հասարակական կազմակերպությունների, որոնք էլ չունեին համապատասխան բիզնես հմտություններ։ Չկար նաեւ սահմանում՝ ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը, եւ հասարակական կազմակերպությունները դրանց վերաբերում էին ինչպես սովորական դրամաշնորհային ծրագրերի։

2015 թվականին, երբ ստեղծեցինք Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան, սկսեցինք նպաստել ոլորտի զարգացմանը։ Սկզբնական շրջանում որոշակի սահմանումներ տվեցինք նախ եւ առաջ ինքներս մեզ համար, որպեսզի  հասկանանք՝ ինչ ենք ընկալում ՍՁ ասելով։

Սաթիկ Բադեյանը

Հակասական արձագանքներ

Այդ շրջանում կառավարությունում երեւույթին գրեթե անծանոթ էին, եւ մենք սկսեցինք նամակներ ուղարկել տարբեր նախարարությունների, որպեսզի ուշադրություն հրավիրենք ոլորտի վրա։ Ստացված արձագանքները խիստ տարբեր էին։

Նամակներից հետո հանդիպումներ ունեցանք մի քանի նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում առհասարակ չէին հավատում, որ ՍՁ-ն կարող է աշխատել որպես կայուն բիզնես, վստահ էին, որ այն կդադարի գործել դոնորական միջոցների ավարտվելուն պես։

Գաղափարը հավանեցին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում, սակայն ասացին, որ կհամագործակցեն միայն գործող օրինակներ տեսնելուց հետո։  

Շինուհայրի «Բրդից կարպետ» արհեստանոցում

Ներուժի բացահայտում

ՍՁ-ն շատ մեծ ներուժ ունի զարգացնելու տարբեր ոլորտներ, նպաստելու մարդկային համայնքային, տնտեսական զարգացմանը, լուծելու այնպիսի խնդիրներ գյուղական համայնքներում, որտեղ պետության ձեռքը չի հասնում:
 
Այս տարվա ապրիլի 26-ին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով առաջին համաժողովը, որին մասնակցում էր 48 ձեռնարկություն:


Իհարկե, վիճելի է, թե մասնակից ձեռնարկությունները որքանով են համապատասխանում այն սահմանմանը, որը մենք այժմ փորձում ենք ընդունել Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգով, սակայն ամեն դեպքում դրանք սոցիալական ազդեցություն ունեցող բիզնեսներ են: Հիմնական մասը դոնորների կողմից է ստեղծվել եւ շարունակում է ֆինանսավորվել միջազգային կազմակերպություններից, սակայն կան նաեւ այնպիսիք, որ ստեղծվել են ինքնուրույն՝ զրո դրամ ներդրումով։

Հայաստանում գործող սոցիալական ձեռնարկատիրությունները (ՍՁ)



Լավագույն կայացած օրինակներից է Կալավանի «Թայմ լենդ»-ը։ Այն  գրանցել է այնպիսի սոցիալական ազդեցության ցուցանիշներ, որ տարածաշրջանում ոչ մի այլ ՍՁ չունի։ «Թայմ լենդ»-ի համբավը տարածվել է նաեւ Եվրոպայով, եւ Վիեննայի համալսարանից ասպիրանտներ են գալիս Հայաստան՝ Կալավանի օրինակով թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու։ Սա խոսում է այն մասին, որ մենք պարզապես պարտավոր ենք այլ համայնքներում ներդնել նման կայացած փորձը։


Հաջողության գաղտնիքը

Կալավանի հաջողության գաղտնիքն այն է, որ այստեղ համաչափ զարգանում են թե՛ սոցիալական, թե՛ բիզնես բաղադրիչները, հստակ է ինչպես տնտեսական կայունությունը, այնպես էլ սոցիալական ազդեցությունը։ Սակայն հայաստանյան ՍՁ-ների մեծ մասում սոցիալական ազդեցությունն առաջ է ընկնում տնտեսական բաղադրիչից։ Օրինակ՝ Սեւանում ունենք «Բոհեմ» արվեստանոց-թեյարան, որի սոցիալական ազդեցությունը համայնքի կյանքում հսկայական է, սակայն տնտեսական առումով այն դժվարությամբ է գործում։

«Բոհեմ» արվեստանոց-թեյարան

Վարդենիկում գործող «Սարերի բարիք» ՍՁ-ն (զբաղվում է վայրի ուտելի բանջարեղենի եւ դեղաբույսերի հավաքմամբ, մթերմամբ եւ վաճառքով – խմբ.)  այսօր ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը, որովհետեւ ստեղծված պահանջարկը ծնել է առաջարկ, ու կա այն բավարարելու խնդիր։ «Սարերի բարիք»-ը պետք է ունենա շրջանառու միջոցներ, որպեսզի գյուղացուն տեղում վճարի, այլապես ձեռնարկության աշխատանքի հիմքում ընկած սոցիալական խնդիրը չի լուծվի։


Կան ՍՁ-ների մոդելներ, որոնք հնարավոր է տարածել նաեւ այլ համայնքներում, սակայն շատ կարեւոր է մարդկային գործոնը։

Կիսելով պետության բեռը

Պետության հետ համագործակցությունը նախատեսում ենք իրականացնել Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգի շրջանակում։ Հայեցակարգն անհրաժեշտ է, որովհետեւ նախ եւ առաջ ՍՁ-ն շատ հաճախ իրականացնում է պետական գործառույթներ, որոշակիորեն իր վրա է վերցնում պետության բեռը, ուստի պետք է ճանաչված լինի պետության կողմից։

Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգի մշակումը նախաձեռնեցինք 2016-ին Գործարարության աջակցման գրասենյակի հետ համատեղ։ Ձեւավորվեց աշխատանքային խումբ եւ ուսումնասիրվեց միջազգային փորձը։

Սոցիալական օրակարգի քարտեզագրումը ԵՄ երկրներում



Հայեցակարգի նախագիծը 2018-ի սեպտեմբերի 4-19-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվել է հանրային քննարկման՝ տեղադրվելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):

Շինուհայրի «Բրդից կարպետ» արհեստանոցում

Հայեցակարգային սահմանումը

Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգով ՍՁ-ն սահմանել ենք հետեւյալ կերպ. այն նախ եւ առաջ ենթադրում է բիզնես գործունեություն, այսինքն՝ դրանով արդեն չի նույնանում հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ։

Բիզնես մոդելի հիմքում ընկած է սոցիալական խնդրի լուծումը, իսկ երրորդ կարեւոր բաղադրիչն այն է, որ կազմակերպությունն իր շահույթի 50 տոկոսից ավելին պետք է ուղղի համայնքի խնդիրների լուծմանը կամ էլ իր բիզնես մոդելի կայացմանն ու ընդլայնմանը։ Քանի որ բիզնես մոդելն արդեն իսկ սոցիալական խնդիր է լուծում, բիզնեսի ընդլայնման հետ մեծանում է նաեւ սոցիալական ազդեցության շրջանակը։

***

Banks.am-ը հետաքրքրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, թե ինչ կարգավիճակ ունի այժմ Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը։ Նախարարությունն ասում է՝ ներկայում հայեցակարգը մշակման վերջնական փուլում է։

«Քարտեզագրվում են Հայաստանի սոցիալական ձեռնարկությունները, ուսումնասիրվում են հնարավոր մարտահրավերները, նաեւ աշխատանք է տարվում ձեռնարկությունների զարգացման ներուժի բացահայտման ուղղությամբ: Զուգահեռաբար իրականացվում են աշխատանքներ Հայաստանում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ վերջիններիս կողմից  սոցիալական ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ծրագրերի եւ աջակցության գործիքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով»,- ասված է նախարարության պատասխանում։

Նախարարությունը հայեցակարգի նախագիծը կլրամշակի եւ, ըստ սահմանված կարգի, կներկայացնի ՀՀ կառավարության քննարկմանը:

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ ՍՁ-ների ֆեյսբուքյան էջերից
Դիտում՝ 10182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW