Հունիսի 21-ին Երեւանում կգործարկվի «Գործարա» բիզնեսի զարգացման հարթակը, որի նպատակն է բարձրաձայնել գործարարության, հատկապես՝ ՓՄՁ-ների կարիքների ու ակնկալիքների մասին եւ ուղղորդել նրանց: Միջոցառումներին գործարարների մասնակցությունն անվճար է:Հարթակը հիմնադրվել է Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Գործարարության աջակցման գրասենյակ»-ի, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC), «Մակիչյան Քընսալթինգ»-ի, ոլորտի փորձագետ Նարեկ Ալեքսանյանի եւ մի շարք այլ կառույցների ու մասնագետների նախաձեռնությամբ:«Հարթակն աննախադեպ է իր ձեւաչափով. այն կներառի թե՛ բիզնեսից բիզնեսին տրամադրվող նոր հնարավորություններ, թե՛ զարգացող բիզնեսների համար մենթորների աջակցություն եւ վարպետության դասեր: Այն, ընդհանուր առմամբ, նախատեսված է ներկա եւ ապագա գործարարների համար, որոնք պատրաստ են իրենց ներդրումով, փորձով, գիտելիքներով եւ խորհրդատվությամբ օգնել Հայաստանում բիզնեսի կայացմանն ու կայուն զարգացմանը»,- Banks.am-ին հայտնել են «Գործարարության աջակցման գրասենյակ»-ում:Ըստ հարթակի կազմակերպիչների՝ միջոցառումը լավ հնարավորություն է հայ գործարարների համար՝ ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաեւ տարատեսակ աջակցություն եւ այլ կարեւոր գործընկերային հնարավորություններ: Լուսանկարը՝ BSC «Շատ հաճախ գործարարները, ծանրաբեռնված լինելով առօրյա գործունեությամբ, որոշակի տեղեկատվության եւ նորարար հմտությունների կարիք են ունենում, որոնք ուղղակիորեն կնպաստեն սեփական բիզնեսի զարգացմանն ու ծավալների մեծացմանը»,- նշել են գրասենյակում:Հարթակի մեկնարկը կտրվի հունիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում՝ բիզնեսի զարգացման միտումներին նվիրված պետական-մասնավոր երկխոսության ձեւաչափով պանելային քննարկումով: «Հարթակի այս հատվածում նախատեսվում է անկաշկանդ երկխոսություն պետական եւ մասնավոր հատվածների միջեւ, որի ընթացքում գործարար համայնքը կբարձրաձայնի բիզնեսի իրական կարիքները եւ զարգացման ակնկալիքների համար անհրաժեշտ գործոնները, ինչը կարեւոր նախադրյալ կարող է դառնալ գործարար համայնքին առնչվող հետագա քաղաքականության մշակման համար»,- ընդգծել են «Գործարարության աջակցման գրասենյակ»-ում:Հարթակը նախատեսում է հետեւյալ միջոցառումները.- Պանելային քննարկումներ, որոնք հնարավորություն կտան ծանոթանալու Հայաստանում առկա բիզնեսի զարգացումներին, քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծումները, անդրադարձ կլինի ներդրումներին:- Բիզնեսի հմտությունների B2B հարթակ, որի շրջանակում տարբեր ոլորտի ընկերություններ կկիսվեն իրենք հմտություններով, հաջողության բանաձեւով եւ այդ ճանապարհին հաղթահարած խոչընդոտներով։ - Մենթորություն. Հայաստանի բիզնես հասարակության մեջ հեղինակություն վայելող գործարարները կընտրեն մի քանի գործող կազմակերպություն եւ նրանց կաջակցեն մեկ տարվա ընթացքում՝ տրամադրելով պրակտիկ գիտելիքներ բիզնեսի զարգացման համար։- Բիզնեսի վարպետության դաս. բիզնեսի «վարպետները» կպատասխանեն ոլորտին վերաբերող հարցերի, կտան խորհուրդներ կոնկրետ խնդիրների առնչությամբ։ Tweet Դիտում՝ 4214