Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանում տնտեսական աճը 2019-ին կկազմի 4,2%, իսկ 2020-2021-ին կարագանա՝ կազմելով համապատասխանաբար 4,9% եւ 5,2%:Այս մասին նշված է Համաշխարհային Բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ, 2019թ.» հունիսյան զեկույցում:Հիշեցնենք, որ կազմակերպությունն ավելի վաղ Հայաստանում 2019թ. համար 4,3% ՀՆԱ-ի աճ էր կանխատեսում:«Կառուցվածքային բարեփոխումների չեղարկման հնարավորությունը ռիսկ է տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասված է զեկույցում:Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը 2019-ին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազում, իսկ 2020-ից հետո՝ որոշակի վերականգնում է ակնկալում:Զեկույցի համաձայն՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնտեսական աճի տեմպը 2019-ին կնվազի մինչեւ 1,6%, որը վերջին 4 տարվա ամենացածր ցուցանիշն է: Աճի դանդաղումը «մասամբ արտացոլում է Թուրքիայում տնտեսության վատթարացումը, ինչպես նաեւ Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների եւ Եվրամիության միջեւ քաղաքականության տարաձայնությունները»: Իսկ 2020-ին ակնկալվում է, որ տարածաշրջանում աճը կհասնի 2,7%-ի, որին կնպաստի նաեւ Թուրքիայի տնտեսության ակնկալվող վերականգնումը:«Տարածաշրջանի տնտեսական հեռանկարը շարունակում է «հագեցած լինել» ռիսկերով: Դրանցից ամենանշանակալիցը տարածաշրջանի կարեւորագույն առեւտրային «խաղացող» եվրոգոտու երկրներում սպասվածից ավելի մեծ անկումն է: Բացի այդ, Ռուսաստանում դանդաղեցումը կարող է բացասաբար անդրադառնալ դրամական փոխանցումների վրա, որոնք մի շարք երկրների (այդ թվում՝ Հայաստանի – խմբ.) եկամտի զգալի մաս են կազմում»,- ասված է զեկույցում:Համաշխարհային բանկը 2020-ին Վրաստանում կանխատեսում է 4,8%, Ադրբեջանում՝ 3,5%, Ռուսաստանում՝ 1,8%, Թուրքիայում՝ 3% տնտեսական աճ: Tweet Դիտում՝ 6782