ՀԲ-ն Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղում է կանխատեսում

20.03.2019 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ #ՀԲ
Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2019-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպն էլ ավելի կդանդաղի, որից հետո կսկսի վերականգնվել:

Այս մասին նշված է ՀԲ-ի «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ 2019թ․, ձմեռ» Հայաստանի տնտեսական զեկույցում։

«Ելակետային սցենարով՝ իրական ՀՆԱ-ի աճը կշարունակի դանդաղել 2019-ին՝ կազմելով 4,3%: Երկրի ներսում աճին կնպաստեն բյուջեի փոքր-ինչ բարձր դեֆիցիտը, առողջ ֆինանսական հատվածում վարկավորման բարձր աճը, ավելի բաց շուկաները եւ բիզնեսի ու սպառողների մեծացած վստահությունը»,- ասված է զեկույցում:

ՀԲ փորձագետների կարծիքով՝ սպասվող բարեփոխումների ազդեցության նյութականացմանը համընթաց՝ միջնաժամկետում ՀՆԱ-ի աճի տեմպերն աստիճանաբար կարագանան։ 2019-ին գնաճի մակարդակը կմնա ՀՀ կենտրոնական բանկի նպատակադրած տիրույթում՝ շուրջ 4%:

Զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2019-ին կմնա բարձր:

«Այն կսկսի նվազել միայն 2020-ին եւ հետագա տարիներին՝ պայմանավորված կառուցվածքային բարեփոխումներով, որոնց շնորհիվ ապրանքների արտահանման եւ զբոսաշրջության հեռանկարները կբարելավվեն»,- ասված է զեկույցում:

ՀԲ-ն ակնկալում է, որ բյուջեի դեֆիցիտը կմնա չափավոր մակարդակում՝ նվազեցնելով պարտքի մակարդակները:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ Հայաստանի տնտեսության բարեփոխումը կպահանջի հաստատակամ ջանքեր բազմաթիվ ուղղություններում։

«Առանց հաստատակամ բարեփոխումների՝ հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի լավ լուծման եւ ներդրումների ներգրավման համար գործարար միջավայրի բարելավման հարցերում»,- նշում փորձագետները:

Նրանք հավելում են, որ «նշված խնդիրների լուծման ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական եւ քաղաքական լարվածությունը եւ մեծացնել տնտեսական անորոշությունը»:
Դիտում՝ 6159
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW