Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությունն հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ղեկավար կազմի հետ: ՀԵՑ-ում նշել են, որ ընկերության կողմից ներկայացվել է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը եւ ուրվագծվել են հետագա ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը, էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը:«ՀԷՑ-ի այս նախագիծը մասնավոր սեկտորի աշխատանքի փայլուն օրինակ է տարածաշրջանում: Շատ բարձր եմ գնահատում մեր համագործակցության արդյունքները եւ կարծում եմ, որ այն շատ կարեւոր է ոչ միայն ֆինանսների ներգրավման, այլ նաեւ գիտելիքի փոխանցման տեսանկյունից: Վստահ եմ, որ այս փուլը եւս հաջողությամբ ավարտին կհասցնենք»,- ասել է Շիխին Չենը: Ընկերությունում հիշեցրել են, որ առաջիկա տասը տարիների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը 2015-ից ընդգրկված է է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, $871,2 մլն կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցմանը: Շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի հետ՝ առաջիկա տարիների ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: Tweet Դիտում՝ 1418